Ալեքսանդր Սարգսյանը հանդիպել է ձերբակալված որդուն
Ալեքսանդր Սարգսյանը հանդիպել է Չեխիայում ձերբակալված իր որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Դատարանում լրագրողներին հայտնեց Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկ Սարգսյանը։
Հարցին, թե մամուլը գրում է, որ ձեր եղբայրն ապաստան է խնդրել Չեխիայի իշխանություններից, որևէ տեղեկություն ունե՞ք, նա բացասական պատասխան տվեց։ Նա նաև տեղյակ չէ եղբոր՝ Հայաստան արտահանձնման գործընթացից։
Պատասխանելով հարցին, թե ձեր հայրը մտադիր չէ՞ վերադառնալ Հայաստան, Հ. Սարգսյանն ասաց. «Մտադիր է, ոնց մտադիր չէ»։ Սակայն չգիտի, թե երբ, ասաց՝ երբ գործերը...։ Հարցին, թե ի՞նչ գործերով է ձեր հայրը Եվրոպայում, նա ասաց. «Հանգստանալու»։
Ինչ վերաբերում է կոնկրետ Հ. Սարգսյանի գործին, նրա փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ օբյեկտիվ քննության դեպքում ակնկալում են արդարացում։
Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018 թ. սեպտեմբերին 10-ին դատարանի որոշմամբ 50 միլիոն դրամ գրավով նա ազատ էր արձակվել։
Ինչ վերաբերում է նրա եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Քննարկվում է նրա՝ Հայաստան արտահանձնման հարցը։
Հարակից հրապարակումներ`
- «Կենտրոնի Կյաժը» համաձայն չէ, որ Հայկ Սարգսյանը պատասխանատվություն կրի սպանության փորձի համար
- Նարեկ Սարգսյանը Պրահայում «ընտիր» պայմաններում է պահվում. Հայկ Սարգսյան
- Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ներկայացել է տուժող կողմը
- Հետախուզվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է