Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա»-ն շարունակի գործունեությունը. ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ «Սպայկա» ընկերության՝ պետական բյուջե չվճարված գումարն ավելանա։
Հարցին, թե վարչապետն ակնարկեց, որ «Սպայկա»-ի չվճարած հարկերը կարող են ավելանալ և ընդհուպ հասնել անգամ 30-40 մլրդ դրամի, ՊԵԿ նախագահն ասաց, որ ուղղակի զրույցի ժամանակ վարչապետը թվեր հնչեցրեց, որպեսզի հանրությունն իմանա՝ այդ 7 մլրդ-ը, որը հաշվարկի հիմքում դրված է, դա ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է:
«Բայց նաև կա 2,5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերը ձեռքբերման գործընթացում են: Այդ փաստաթղթերն ունենալուց հետո հաշվարկներ կկատարվեն և դրանց արդյունքի մասին կտեղեկացնենք»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նա միաժամանակ նշեց, որ վարչապետն ու ՊԵԿ նախագահն այդքան էլ իրավասու չեն տեղեկատվություն ներկայացնելու. «Իրավական գործընթաց է գնում, և այստեղ ամենակարևոր մարդը քննիչն է, և մասնագետների հետ նա է փաստական հանգամանքների վերաբերյալ դատողություններ անում։ Եթե ինքն ունի այնպիսի համոզմունք, որ օրինակ, տնօրենի ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, ինքը միջնորդում է դատարանին, որն էլ այդպիսի որոշում է կայացրել: Իրավական գործընթաց է գնում և դրա վերաբերյալ վարչապետն ու ՊԵԿ նախագահը որևէ գնահատական չեն կարող տալ»:
Դավիթ Անանյանը նաև ասաց՝ Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա» ընկերությունը շարունակի իր գործունեությունը։
Հարցին, թե ըստ շրջանառվող լուրերի, շուկա է մտնում նոր ընկերություն՝ «Բեստ Ֆրութ»-ը, Դավիթ Անանյանը նշեց, որ առաջին անգամ է լսում դրա մասին։
«Մենք «Սպայկա»-ի ղեկավարության նկատմամբ, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում։ Եթե տնտեսագիտական կողմը նայենք, օրինակ՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք և անելու ենք, որ «Սպայկա»-ն որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի։ Բայց դիլեմայի առաջ ենք կանգնած։ Այո, մենք չենք ուզում, որ «Սպայկա»-ի գործունեությունը խաթարվի, բայց գործունեությունը չխաթարվելու որպես նախապայման ընդունելը, որ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության նախկին վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա»-ն հայտարարում է մթերումների դադարեցման մասին
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
- «Սպայկա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
- Պետք չէ դադարեցնել արտահանումը, դա մեծ վնաս կբերի. Ծառուկյանը՝ «Սպայկայի» մասին
- Սպայկա. Պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել այս վայրագության հեղինակներին
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- Դավիթ Ղազարյան. «Սպայկա»-ն պատրաստ չէ մթերումների
- «Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել