ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Լևոն Հովսեփյանը
Արամ Սիմոնյանի հրամանով այսօր ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Լևոն Հովսեփյանը:
ԵՊՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2003-2005 թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում, 2007-2008 թթ.՝ ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:
Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ Լևոն Հովսեփյանը 2005-2006 թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 2006-2011 թթ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում: 2011-2017 թթ. Լևոն Հովսեփյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում: 2011 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, 2017 թ.-ից՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Նորանշանակ գիտքարտուղարի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, պաշտպանության և անվտանգության ոլորտները, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները:
Լևոն Հովսեփյանը կարդում է «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականություն», «Թուրքիայի ուժային կառույցներն ու անվտանգության համակարգը», «Արդի միջազգային հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրներում», «Երկրագիտություն» դասընթացները:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսը տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին և թուրքերենին: Լևոն Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է: