Կառավարությունը հավանություն տվեց ՀԲ-ին լրացուցիչ բաժանորդագրությանը
Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համագործակցության կազմակերպում, ինչը թույլ կտա հեշտացնել տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպումները, ինչպես նաև նվազեցնել ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային տարածք վտանգավոր կամ այնպիսի ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը, որոնց տեղափոխումն արգելված է կամ սահմանափակվում է մաքսային հսկողության միջոցով:
Հաշվի առնելով, որ համաձայնագրով նախատեսված տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները և Չինաստանը կսկսեն տեղեկատվության փոխանակումը համապատասխան տեխնիկական պատրաստվածության ապահովումից հետո՝ միջգերատեսչական մակարդակով կնքվելիք արձանագրություններին համապատասխան: Համաձայնագրով նախատեսված են դրա շրջանակներում փոխանցվելիք տեղեկատվության պաշտպանության երաշխիքներ:
Կառավարությունը նաև հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թ. ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակում ՀՀ լրացուցիչ բաժանորդագրության հայտերին: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանին հնարավորություն է ընձեռվել լրացուցիչ բաժանորդագրվել 166 ընդհանուր և 194 ընտրողական բաժնեմասի (20,025,410 ԱՄՆ դոլարին (GCI) և 23,403,190 ԱՄՆ դոլարին (SCI) համարժեք գումարի չափով): Ընդ որում, լրացուցիչ բաժանորդագրության գումարը բաղկացած է «Վճարման ենթակա» (Paid-in) և «Ցպահանջ» (Callable) մասնաբաժիններից: Առաջարկվող բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով 2021, 2022 և 2023թթ. վճարվման ենթակա գումարը համապատասխանաբար բաշխվելու դեպքում կկազմի 1,803,091.13 ԱՄՆ դոլար: