Փաշինյան․ ՀՀ դատական համակարգում հեղափոխություն տեղի չի ունեցել
«Դատական համակարգի հետ կապված խնդիրն այսօր ամենահրատապն է մեր երկրի, կառավարության համար, քանի որ հեղափոխություն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական համակարգում, բայց հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել։ Ես Ձեզ կարող եմ վստահեցնել, որ ունենալ 100 տոկոսով, առանց պայմանականությունների անկախ դատական համակարգ, որի որոշումներն ու վճիռները վստահելի կլինեն ոչ միայն հայ հանրության, այլ նաև միջազգային հանրության համար, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող հարց է»,-ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս պահին երկրում կան քաղաքական գործիչների դեմ դատական հայցեր և արդյո՞ք դատավարությունն անկախ է։
Փաշինյանը նշեց, որ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին պատրաստ են գնալ մինչև վերջ, քանի որ հասկանում են, որ առանց սրա չենք կարող երաշխավորել մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու շարունակական ուժեղացումը։
Իսկ թե այսօր Հայաստանում կա այսպիսի դատական համակարգ, Փաշինյանն ասաց, որ ինքը կարող է 100 տոկոսով երաշխավորել, որ մեր կառավարությունը դադարեցրել է ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ դատական համակարգը ուղղորդվում էր կառավարության կողմից։ Փաշինյանը նշեց, որ իրենք ամբողջապես հրաժարվել ենք այս գործելակերպից, բայց չունի վստահություն, որ դատական համակարգի վրա գոյություն ունեցած այլ լծակներ մինչև այսօր չեն պահպանվել, որ դատական համակարգում կոռուպցիա չկա և 10 օր առաջ Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու ժամանակ։
«Այն, որ մենք նվիրված ենք արդար դատական համակարգ ունենալու օրակարգին, դրանում որևէ կասկած մի ունեցեք»,-ասաց վարչապետը։
Պատասխանելով կոռուպցիայի դեմ պայքարի հարցին ու այն հանրային ընկալմանը, որ որ նախկին խորհրդային երկրների ղեկավարները շատ արագ հարստանում են, կառավարությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, կալանավորված է նախկին նախագահը, ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկվում այս ուղղությամբ, Փաշինյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ամենամեծ, միակ ու ամենավստահելի պատասխանն այն է, որ երբեք անձամբ կոռուպցիայի մեջ չպետք է ներգրավվի։
«Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան։Չեմ կարծում, որ աշխարհում կա մի վարչապետ կամ կառավարություն, որ ասում է ես մտադիր եմ կամաց-կամաց ներգրավվել կոռուպցիայի մեջ, այլ ասում են, որ պայքարում են կոռուպցիայի դեմ։Այս առումով կարևոր է դառնում իշխանության ու կառավարության խոսքի վստահությունը։ Այս է պատճառը, որ միշտ ընդգծում եմ, որ կառավարության ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելը իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի ես ունեմ ժողովրդի վստահությունը։ Այդ վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ մենք կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ հասկանում են, որ կոռուպցիան, որը իշխել է Հայաստանում, ինչպիսի լծակներ, ֆինանսական միջոցներ ունի։ Ինչպես կարող է նա հակադարձել, եթե իր դեմ պայքարը տեղի ունենա մի միջավայրում, որտեղ չկա վստահություն կառավարության ու հանրության միջև։
«Հետևաբար, առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատները պետք է լինեն ուշադրության ներքո։ Կարևոր եմ համարում, որ թափանցիկությունը Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը մեծ քայլերով առաջ է գնում»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ 10 օր առաջ քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ։
Առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին․ «Այն չպետք է մեկնաբանվի որպես հետապնդումների գործիք»
«Հայաստանում քննարկվում է, թե արդյոք մեր երկրի համար կարող է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Նիդերլանդների պատգամավոր Մարտ վան դե Վենին, ով հիշեցրեց 2018թ․-ին ԵԽԽՎ-ում ընդունված «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը` ապօրինի ակտիվների բռնագրավման հեշտացման միջոցով» իր զեկույցն ու հարցին, թե Հայաստանն ինչպես կարող է ավելի լավ օգտվել միջազգային այս փորձից։
Փաշինյանը նշեց, որ մտահոգություններ կան նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում ու կարևորեց, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված է, այլևս 2015թ․-ից գտնվում է Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում, այդ թվում ԵԽ առաջ, ու նշեց, որ այդ մեխանիզմի մասին հիշատակում կա մի շարք կոնվենցիաներում։
«Անձամբ իմ տեսակետից, դա մի մեխանիզմ է, որը Հայաստանում իսկապես կարող է և պետք է կյանքի կոչվի, բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում։ Այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումններ, որի արդյունքում պետք է կայացնենք որոշումներ։ Շատ օգտակար կլինի նաև այս հարցում ԵԽ հետ մեր համագործակցությունը, որպեսզի, քավ լիցի, հանկարծ որևէ մեկը չփորձի դա մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, քանի որ մեզ մոտ այդ էջը անշրջելիորեն փակված է»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում․ Հայաստանը բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում է, ոչ պահանջում
- Փաշինյան. ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում ԼՂ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար
- Փաշինյանը ԵԽ-ում. Դավիթ Տոնոյանի ու իմ հայտարարությունների միջև հակասություններ չկան
- Փաշինյանի մերձավորի գործի ոդիսականը