Վիգեն Խաչատրյան. Մեր ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է հայ ծանրորդների հաջող ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում:
Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
«Այսօր մեր ծանրորդներն արեցին առավելագույնը, քան կարող էին, քանի որ Անդրանիկ Կարապետյանի ձախողումից հետո նրանք ավելի զայրացած մոտեցան ծանրաձողին: Մեր մարզիկները ցույց տվեցին իրենց բարձր կարգը: Լավ մարզումներին հաջորդեցին հաջող մրցելույթները՝ հատկապես Դավիթ Հովհաննիսյանի մոտ: Դավիթը գրանցեց նոր արդյունքներ, իսկ հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանի գրանցած 207 կգ-ն գերազանց էր: Մեր ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց»,- նշեց մարզիչը:
Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք եւ սահմանել նաեւ Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):
Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի արդյունքն էր 360 կգ (165+195): Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Մկրտչյան. Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու
- Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ են անցել կշռման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան