Ցեմենտի ներմուծման համար առաջարկվում է պետտուրք սահմանել՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում այսօր քննարկվեց «Պետական տուրքի մասի» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:
Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու և ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան տեղական արտադրանքով ապահովելու անհրաժեշտությամբ։
Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայացված նախագծերով նպատակ ունեն պաշտպանական միջոցառում կիրառել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով:
Նախարարն ասաց, որ 2018 թվականն այն տարին էր, երբ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան շուկայում, և նախորդ տարիներին ոչ մեծ տեսակարար կշիռ ունեցող ներմուծվող ցեմենտը սկսեց Հայաստանի սպառման շուկայում ունենալ զգալի կշիռ:
«Դա 3.5 անգամ ավելի էր, որը 2018 թվականի հանրագումարով կազմեց մոտ 180 հազար տոննա: Ըստ էության, տարվա ընթացքում 730 հազար տոննա սպառված ցեմենտի մեջ 180 հազար տոննան ներմուծվածն էր, 550 հազար տոննան՝ տեղական արտադրությանը: Տարին նաև առանձնահատուկ էր նրանով, որ զգալի ավելացել է տեղական արտադրությունը՝ կազմելով մոտ 550 հազար տոննա, ինչը 2017 թ-ի համեմատ աճել է մոտ 50 տոկոսով»,- նշեց նախարարը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ներկայումս ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից, իսկ իրանական ցեմենտն ավելի մատչելի է։ Իրանական ցեմենտի ցածր գինն, ըստ նախարարի, պայմանավորված է էժան գազով, պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողների համար տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմամբ։
«Դեմպինգ բառը այդտեղ ճիշտ չէ կիրառել, որովհետև եթե մենք կիրառում ենք, պետք է հետո հիմնավորենք, թե որ վերլուծությունների արդյունքում է արձանագրված, որ դա ոչ շուկայական գործողությունների հետևանքով է: Բայց իրանական ցեմենտը շարունակում է ցածր արժեքի պատճառով մեծ ռիսկ ներկայացնել տեղական արտադրողների գործունեության վրա»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ իրանական ցեմենտը սահմանին վաճառվում է 17-18 դոլարով, ՀՀ տարածք տեղափոխումը կազմում է մոտ 20 դոլար 1 տոննայի համար:
Տիգրան Խաչատրյանը նշեց նաև, որ Վրաստանում ևս գինը համեմատաբար ցածր է, քան Հայաստանում։ Ըստ նրա, դա ևս պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում արտադրողների համար 1խմ գազը կազմում է 145 դոլար, իսկ Հայաստանում՝ 240 դոլար։
Նախարարի խոսքով՝ տեղական շուկան պաշտպանելու նպատակով կառավարությունն առաջարկում է, որպեսզի ցեմենտի յուրաքանչյուր տոննայի ներմուծման համար կիրառվի տուրք՝ 22 հազար դրամի չափով, որ հավասար պայմաններում ստեղծվի շուկայում։
«Սկզբունքն այն է, որ պետական տուրքի չափը լինի ոչ թե այնպիսին, որ բացառվի իրանական ցեմենտի վաճառքը մեր շուկայում, այլ այն շարունակի գոյություն ունենալ ու թելադրի մրցակցային պայմաններ, որպեսզի տեղական արտադրողը շահագրգռվի իջեցնել ինքնարժեքը,և իր դիրքերը շուկայում պահպանելու համար մտածի տեխնոլոգիական այնպիսի վերազինման մասին, որ շուկայում իր դիրքերը չկորցնի»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ տեղական արտադրողները հայտնել են, որ առաջիկա տեխնոլոգիական բարելավումների արդյունքում ինքնարժեքի իջեցման որոշակի ռեսուրս կա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան