Ինչո՞ւ է գերխնայող իշխանությունը թաքցնում ծախսած գումարները. Armdaily
«Armdaily»-ին գրում է. «Ազգային ժողովում համառորեն թաքցնում են Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության Գերմանիա այցի ծախսերը։ Մեր առաջին հարցմանը, ինչպես հայտնել էինք, խորհրդարանի լրատվականը պատշաճ չէր պատասխանել՝ չներկայացնելով որեւէ թվային տվյալ: Փոխարենը դիմել էին հայտնի իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի օգնությանը, որի կայքով փորձել էին նորից համոզել, թե նորմալ է պետբյուջեից ծախսված գումարները թաքցնելը։ Մենք դիմել էինք Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ համատեղ կրկնակի հարցում ուղարկելով։
Մեր երկրորդ հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից նորից հայտնել են, որ այդ հարցերը կարգավորվում են Կառավարության 2005թ թիվ 2335 որոշմամբ։ Բնականաբար այս պատասխանը մենք բողոքարկել ենք վերադասության կարգով, դիմել ենք Աժ նախագահ Արարատ Միրզոյանին։ Հուսով ենք՝ Արարատ Միրզոյանին կհաջողվի գաղտնազերծել Գերմանիա այցի ծախսերը։ Վերջիվերջո, եթե մեր կառավարությունը այդքան հպարտանում է գերխնայողություններով, ինչո՞ւ է թաքցնում ծախսած գումարները։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, եթե պետք լինի, մեկ հարցումը տասը անգամ կուղարկենք, բայց թույլ չենք տեղեկությունը թաքցնել»։