«Հրապարակ». «Կարեն Կարապետյանը գնահատել է իմ նկարիչ ամուսնու աշխատանքները»
«Հրապարակ» թերթը գրում է.
-Դուք Ձեր մի արտահայտությամբ աղմուկ առաջացրիք` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամլո խոսնակի` ՀՀԿ-ական լինելու հետ կապված, ինչպես ընդունված է հիմա ասել` «նա նույնպես մարդ է, չէ՞», չե՞ք վերանայել Ձեր մոտեցումը,- հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանին։
«Տեսեք` ինձ համար արժեքային խնդիրը շատ հստակ է. կուսակցական, կոնկրետ դեպքում՝ մամլո խոսնակի ՀՀԿ-ական լինելը, այդ գաղափարախոսությունը կիսելը չի կարող չանդրադառնալ աշխատանքի որակի վրա»,-պատասխանեց նա:
-Մամլո խոսնակն այլևս ՀՀԿ-ական չէր, և հետո` Ձեզ էլ կասեն` «սորոսական» եք, որովհետև Ձեր` «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գրանտներ է ստացել, կընդունե՞ք այդ մոտեցումը։
-Ես երբեք գաղափարների չեմ ծառայել, ես իրականացրել եմ ծրագիր, որի նպատակը ժողովրդավար Հայաստան կառուցելն էր:
-Ի դեպ, տեղեկատվություն կա, որ Դուք, Ձեր ամուսինը բավականին մոտ եք եղել ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Բավականաչափ չենք եղել, պարզապես Կարեն Կարապետյանը գնահատել է իմ նկարիչ ամուսնու աշխատանքները»: Եվ քանիցս ՀՀԿ-ական կառավարությունը գնել է նրա աշխատանքները` սոլիդ գումարով, ու նվեր է տարել` արտասահմանյան այցերի ժամանակ․ հիմա Ձեզ կարո՞ղ ենք ասել նախկին «թալանչիների» հետ կապված մարդ։
-Դե` չէ, պարզապես աշխատանքը՝ որպես արվեստի գործ, գնահատվել և գնվել է:
-Փաստորեն, երբ Ձեզ է վերաբերում, արվեստ է, երբ այլոց` «անտիարվեստ»։
-Գիտես, երբ ամուսինս սկսել է աշխատել Կարեն Կարապետյանենց տանը, այն ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» ղեկավարն էր, ՀՀԿ-ական չէր»:
- Ներողություն, բայց ի՞նչ էր անում Ձեր ամուսինը նրանց տանը։
- «Դիզայն, նկարում էր»:
-Ֆրեզկա՞։
- «Այո, կուզե՞ք ցույց տամ»:
Ցույց է տալիս՝ հիասքանչ է:
-Հիմա ինչպե՞ս են հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ։
-Չկան հարաբերություններ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: