Սենատոր Մենենդեզը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին. Դուք ճանաչո՞ւմ եք Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում: Ամերիկայի Ձայնը ներկայացրել է սենատորի ու դեսպանի թեկնածուի հարց ու պատասխանը։
Մենենդեզ. «Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության կողմից»:
Սաթերֆիլդ.«Մենք անշուշտ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»:
Մենենդեզ. «Այսպիսով, դուք այն ճանաչում եք, ճի՞շտ է»:
Սաթերֆիլդ. «Այո՛»:
Մենենդեզ. «Եվ դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր...»։
Սաթերֆիլդ. «Նախագահը հայտարարել է, դա 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկն էր, և ես միանում եմ այդ հայտարարությանը»:
Մենենդեզ. «Անկասկած դա դաժանություն էր, հարցն այն էր, թե արդյոք դա ցեղասպանությո՞ւն էր»:
Սաթերֆիլդ. «Նախագահի հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է»:
Մենենդեզ. «Ուստի, չեք ասելու ինձ, թե դա արդյոք ցեղասպանությո՞ւն էր: Հարցնեմ այսպես՝ ճանաչում եք, որ 1915-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերը առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ»:
Սաթերֆիլդ. «Ես պատմաբան եմ և լավատեղյակ եմ այդ ժամանակվա իրադարձություններից»:
Մենենդեզ. «Ուստի, դուք ճանաչում եք այդ փաստը: Ճանաչո՞ւմ եք արդյոք, որ Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, հայտարարել էր, որ թուրքական կառավարության հրամանը հայերի արտաքսման մասին եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման»:
Սաթերֆիլդ. «Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից»:
Մենենդեզ. «Սա դիվանագիտական պարի է նման: Մենք որպես պետություն չենք ճանաչում պատմական փաստը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների Ողջակիզման թանգարանը որպես միջկառավարական հաստատություն ճանաչել է՝ Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք ի զորու չենք արտասանելու «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Եվ մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չկարողանանք ճանաչել անցյալը»:
Լսումների ընթացքում սենատորներ Շահինի և Մենենդեզի պահանջով ապագա դեսպանն անդրադարձել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներին և Ռուսաստանից Ս-400 հակաօդային համակարգերի գնման գործարքին: Ըստ Սաթերֆիլդի, Անկարայի կողմից ռուսական զենքի գնումներն անհեռատեսական քայլ է։
«Եթե Թուրքիան ձեռք բերի Ս-400 համակարգերը, նրանք այլևս չեն կարող ձեռք բերել Ֆ-35 ամերիկյան մարտական ինքնաթիռները: Այլևս չի լինելու Փեթրիոթ համակարգերի վաճառք, եթե նրանք գնեն Ս-400: Սա լինելու է ոչ իմաստուն քայլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով»,-ասել է Սաթերֆիլդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան