Դուք գոնե մեկ աշխատատեղ ստեղծե՞լ եք. բուռն քննարկում ԲՀԿ-ական և «Իմ քայլ»-ական պատգամավորների միջև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ինքը համաձայն չէ նախատեսվող փոփոխություններին, որով առաջարկվում է ներկրվող ցեմենտի համար սահմանել պետական տուրք՝ Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով:
Պատգամավորը նշեց, որ նախկինում մաքսային խոչընդոտներ առաջացնելով՝ արգելում էին իրանական ցեմենտի մուտքը հայկական շուկա, որ տեղական գործարանները չկանգնեն, որովհետև սեփականատերերը հայտարարում էին՝ եթե իրանական ցեմենտի պատճառով վնասներ կկրեն, գործարանները կփակվեն և մարդիկ գործազուրկ կդառնա: Բացի այդ, ըստ նրա, նրանք ասում էին՝ «եկեք մեր շուկայում ցեմենտը մի քանի անգամ թանկ ծախենք, որ պահենք աշխատողներին»։
Հայկ Սարգյանը նշեց, որ այդ մոտեցման հետ համաձայն չէ, ավելին՝ հակառակն է ուզում պնդել. «Մեզ համար կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի, ինչը նաև կբերի շինարարության էժանացմանը: Մենք պետք է հասկանանք՝ մեզ ձեռք է տալիս 400 աշխատող պահել, թե՞ մեր շինարարությունն էժանանա, նաև այս մասով բյուջեում որոշակի մուտքեր ապահովենք: Իմ կարծիքով՝ 22 հազար դրամ պետական տուրքը պետք է վերանայվի, իջեցվի, իսկ ցեմենտ արտադրողներին հորդորենք վերանայել ցեմենտի գները, քանի որ արհեստական բարձր են ցույց տալիս ինքնարժեքը, և խնդրում են, որ չթողենք իրանական ցեմենտը մտնի Հայաստան: Մեր գործարարները դրանով կզգոնանան, քանի որ տարիներ շարունակ գործարարները միլիոնավոր դոլարներ են աշխատել։ Սա պետք է այլևս թույլ չտալ»։
Նա նաև նշեց՝ ո՞վ է ասել, որ ցեմենտ պարտադիր պետք է արտադրեն, ու դրանով պայմանավորված, շինարարությունը թանկանա:
«Թեև ասում են՝ ցեմենտի տեսակարար կշիռը ցածր է շինարարության մեջ, բայց ես համաձայն չեմ»,-ընդգծեց նա։
Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ եթե չպաշտպանեն տեղական արտադրողներին, ապա հիմա ցեմենտի դեպքում, հետո այլ արտադրության դեպքում խնդիրներ կառաջացնեն, ինչի հետևանքով գործարաններ կփակվեն, իսկ կառավարությունը նման բան թույլ տալ չի կարող։
Նախարարի համար ընդունելի է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի տեսակետը, որն առաջարկում է պետական տուրքը սահմանել որոշակի ժամկետով՝ 1 տարի։
Նշենք, որ Բաբկեն Թունյանն անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ հասկանալի է՝ ցանկանում են նպաստավոր պայմաններ ստեղծել, որ տեղական արտադրողն իրեն ավելի պաշտպանված զգա, բայց նաև պետք է հասկանալ, թե հետո ինչ է լինելու։
«Այսինքն՝ որքանով ենք նպաստելու այդ ճյուղի զարգացմանը և այդ ընթացքում ինչ է կատարվելու շուկայում։ Եթե նույն սկզբունքով նայենք, դա նշանակում է, որ ներմուծվող բոլոր ապրանքների վրա պետք է պետական տուրք սահմանել»,- ընդգծեց նա։
Այսպիսով, Բաբկեն Թունյանն առաջարկեց պետական տուրքը սահմանել որոշակի ժամկետով՝ 1 տարի, իսկ դրանից հետո կքննարկեն, թե շուկայում ինչ զարգացումներ են տեղի ունեցել, տեղական արտադրողները որքան ներդրումներ են արել և այդ պետտուրքի սահմանումը որքանով է մրցունակությունը բարձրացրել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանն էլ նշեց, որ ինքը չի ընդունում այն տեսակետը, թե եթե հարևան երկրներն ավելի էժան ապրանք են առաջարկում, ապա թող տեղական արտադրությունը փակվի։
Նրա համար ընդունելի են նախագծով առաջարկվող փոփոխությունները, բացի այդ դեմ չէ ժամկետներ սահմանելուն։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը նույնպես անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ելույթին՝ նշելով, թե ինչպես կարող են այդպես հեշտ խոսել աշխատատեղերի կրճատման մասին։ Հակառակը, ըստ նրա, պետք է մտածել, թե ինչ անեն, որ տեղական արտադրությունը զարգանա, մրցակցային լինի. «Պարոն Սարգսյան, դա մոտեցում չէ, այսօր մեկ աշխատատեղի համար պետք է կռիվ տանք»։
Նա դիմելով Հայկ Սարգսյանին՝ հարցրեց, թե նա գոնե մեկ աշխատատեղ ստեղծե՞լ է, որ այսօր շատ հեշտ ասում է՝ թող աշխատատեղերը կրճատվեն։
«Իմ խնդրանքն է, որ ճիշտ մոտեցում լինի, տեղական արտադրությունը կարևոր նշանակություն ունի, ու կխնդրեմ, որ աշխատատեղերի մասով նման մոտեցում չլինի, հակառակը, պետք է խոսենք, թե ինչպես ավելացնենք»,- նշեց Արթուր Դալլաքյանը։
ԲՀԿ-ական պատգամավորին պատասխանեց «Իմ քայլից» Ծովինար Վարդանյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե երբևէ աշխատատեղ ստեղծել են, նա ասաց, թե ստեղծել են և ինքն անձամբ աշխատել է արտադրության մեջ:
«Ես հստակ գիտեի, թե ինչ եմ արտադրում, ովքեր են իմ մրցակիցները: Այո, տեղական արտադրությունը պետք է պահել, բայց պետք է նաև ստուգենք, թե ինչ վիճակում է այդ արտադրությունը, ինչ արտադրողականություն ունեն և որն է դրանց իրական ինքնարժեքը»,- նշեց պատգամավորը:
Քննարկման արդյունքում ընդունվեց Բաբկեն Թունյանի առաջարկությունը, ըստ որի՝ ցեմենտի ներմուծման համար սահմանվող պետական տուրքը կլինի ժամանակավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ցեմենտի ներմուծման համար առաջարկվում է պետտուրք սահմանել՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար
- Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին