Մեկի գլուխը կուտեն սրանք. Զարթոնքի բնակիչ
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մեկնել է Արմավիր մարզի Զարթոնք համայնք, որտեղ գյուղացիները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Այսօր գյուղում նաև կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, բերման ենթարկվածներ։
Դ. Սանասարյանը կոչ արեց բնակիչներին բացել գնացքի ճանապարհը, քննարկումը շարունակել հանգիստ: Նրանք համաձայնվեցին։
«Ովքեր ինֆորմացիա ունեն, ականատես են եղել, կհրավիրվեն ոստիկանական բաժիններ, կհայտնեք»,- ասաց Դ. Սանասարյանը։
«Ոստիկաներն էլ են կրակոցի ժամանակ ներկա եղել»,- հայտնեցին գյուղի բնակիչները։
Մեկ այլ ականատես պատմեց. «Երեք ոստիկան են արձագանքել, մենք ենք արձագանքել, մնացած ոստիկաններն իրենց կյանքի, առողջության համար մտածում էին, հետ էին քաշվում»։
Գյուղի բնակիչները մեկը մյուսին շարունակելով խոսում էին՝ «իրենք ամեն ինչի սպասոբնի են», «կոնկրետ գործողություն է պետք, քանի արյունահեղություն չի եղել», «մեկի գլուխը կուտեն սրանք», «երեք ամիս է մեզ չեն լսում»։
Դ. Սանասարյանն ասաց, որ իրավական գործընթացը սկսվել է ու շարունակվելու է։
«Հասկանանք, ով սխալ է, իր սխալի համար պետք է պատասխան տա իրավական ու բոլոր հարթություններում։ Ձեր խնդիրներից խորապես տեղյակ ենք։ Այն, ինչ դուք ասել եք, փաստական ապացույցներ եղել են, որոնք մենք ենք գտել, տեղեկանքով երկուշաբթի ուղարկվում է դատախազություն»,- նշեց նա։
Գյուղի բնակիչներից մեկն ասաց, որ իրենք ունեն հստակ պահանջ՝ համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, ու պետք է այսօր հասնեն այդ պահանջի կատարմանը։
«Բոլորս տեղափոխվում ենք գյուղապետարանի բակ ու սպասում ենք իր հրաժարականին»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Մասնակիցները բղավում են՝ «Հեռացիր», «Հեռացիր»։