Զարթոնքի գյուղապետը որոշել է վաղաժամկետ դադարեցնել լիազորությունները
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել: Գյուղի բնակիչները տոնում են իրենց հաղթանկը։ Տեսանյութ է հրապարկել ֆեյսբուքյան օգտատեր Էլեն Միքայելյանը։
Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին այսօր հայտնել համայնքի բնակչությանը` հետագա բախումներից խուսափելու համար:
Ավելի ուշ Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպում են ունեցել համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` վստահեցնելով, որ իր որոշումը կայացրել է առանց ճնշումների գործադրման և այդ որոշմանը հանգել է հանուն համայնքի բնակչության համերաշխության:
Ողջունելով Պարույր Սարգսյանի` համայնքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է մինչ այս խնդրի լուծման ուղղությամբ իր նախաձեռնությունները և համայնքում այսօր չլինելու պատճառները` անընդունելի համարելով հակաօրինական ցանկացած արարք` անկախ դրդապատճառներից: Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կարճ ժամանակահատվածում համարժեք իրավական գնահատական կտան ստեղծված իրավիճակին: Ամփոփելով հանդիպումը` մարզպետը շուտափույթ ապաքինում է մաղթել կողմերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորված անձանց` հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին համայնքի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը և պահանջում էին համայնքի 23 տարվա ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Այսօր զարթոնքցիները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը՝ նույն պահանջով։ Գյուղում նաև կրակոցներ էին հնչել։ Կան վիրավորներ։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է։ Գյուղ էր այցելել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Նրա հետ հանդիպումից հետո գյուղապետը հատարարել էր, որ երկուշաբթի հանդես կգա հայտարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Զարթոնքի գյուղապետն իր խոսքը երկուշաբթի կասի
- Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
- Մեկի գլուխը կուտեն սրանք. Զարթոնքի բնակիչ
- Զարթոնքում հրացան գործադրած անձին բերման են ենթարկել
- Զարթոնքում լարված իրավիճակ է