Ծաղկազարդը՝ ապրիլի 14-ին
Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են հաղորդվել:
Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավորի: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:
Արարատյան Հայրապետական թեմը ներկայացնում է Ծաղկազարդի տոնին նախատեսվող միջոցառումները։
Ապրիլի 14-ին՝ հավարտ Ս. Պատարագի.
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում Ծաղկազարդի տոնի կապակցությամբ եկեղեցու բակում կկատարվի մանուկների օրhնություն, կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ և տոնական միջոցառում` եկեղեցուն կից գործող Հովհան Ոսկեբերանի անվան խմբակների սաների մասնակցությամբ:
Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում տեղի կունենա բարեգործական ցուցահանդես-վաճառք, կավճանկարչության մրցույթ, Նորագավթի մշակույթի տան սաները հանդես կգան երգ ու պարով:
Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ և տեղի կունենա տոնին նվիրված միջոցառում:
Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ:
Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա խեցեգործական աշխատանքների ցուցահանդես և Ծաղկազարդին նվիրված համերգ:
Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ երեխաների մասնակցությամբ:
Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ և կավճանկարչություն:
Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցում տեղի կունենա Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառում ` մուլտ հերոսների մասնակցությամբ և կավճանկարչություն: