Մոսկվայի հանդիպմանն ընդառաջ՝ հանդիպել են ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, երկուստեք կարևորվել է երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:
ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:
Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին