«Հրապարակ». Ոչ թե 50 հազար, այլ 5 հազար աշխատող է ստվերից դուրս եկել
«Հրապարակ»- ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարեց, որ վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Դրանից առաջ էլ նա խոսում էր 30 հազար աշխատատեղի՝ ստվերից դուրս գալու մասին։ Տրամաբանորեն, Փաշինյանի այս ասածը պետք է անմիջապես արտացոլվեր նաեւ Զինվորներին աջակցության կամ, այլ կերպ ասած, «1000 դրամների» հիմնադրամում՝ 50 մլն դրամ հավելյալ մուտքերի տեսքով։ Բայց հիմնադրամից ասում են՝ իրենց մոտ մուտքերը դեռ մի բան էլ պակասել են՝ ավելանալու փոխարեն։ Այդ պարտադիր 1000 դրամ վճարները բոլոր գրանցված աշխատողները մուծում են պետբյուջե, ՊԵԿ-ը դրանք հավաքում է, ապա ուղարկում ֆիննախ, վերջինս էլ դրանք փոխանցում է Զինվորներին աջակցության հիմնադրամին։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հեղափոխությունից հետո իրենց հիմադրամի մուտքերի դինամիկան ցույց է տալիս, որ ստվերից ամսական միջինը 5 հազար 26 մարդ է դուրս եկել։ Այսինքն՝ հիմնադրամի մուտքերն աճել են ընդամենը 5 մլն 26 հազար դրամով։ «Բայց էստեղ մի ուրիշ խնդիր կա, 6 հազար 451 մարդ դիմել է հիմնադրամին, ովքեր աշխատում են մեկից ավելի տեղ, որ իրենց վճարած 1000 դրամները հետ տանք։ Այսինքն՝ վերջնական արդյունքով 2018 թվականը երբ որ մենք ամփոփենք, եւ ես կարծում եմ, որ դրական դինամիկա դժվար թե լինի, այնուամենայնիվ, եթե դրական դինամիկան 5 հազար էլ լինի, վարչապետն իր մի հայտարարության ժամանակ նշում էր 35 հազար թիվ, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում էր 38 հազար ստվերից դուրս եկած մարդ, իսկ Ստրասբուրգում հնչում է 50 հազար մարդ։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ պետական համապատասխան մարմնի աշխատողները դիլետանտներ են, իրենք վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս, որ 50 հազար մարդ ստվերից եկել է օրինական դաշտ, բայց եթե վարչապետի ասած թիվը ճիշտ է, ուստի թող իր հայտարարությունները պատկան մարմիններն ընդունեն վարույթ, ուրեմն էդ 50 հազար մարդը չի արտացոլվում հիմնադրամում, եւ խոշոր չափի էդ գումարները յուրացվում, փոշիանում են»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ ամսական նվազագույնը 40 միլիոն դրամ կորում է։
Նրա խոսքով՝ իրենց հիմնադրամում ոչ մի ամիս 50 մլն դրամի մուտք չի ավելացել։ «Ամենաշատը, որ ավելացել է, օգոստոս ամիսն է եղել, որ 30 հազար մարդ է ավելացել, ամենավատը հունիս ամիսն է եղել՝ մինուս 60 հազար մարդ։ Այսինքն՝ 60 հազար մարդ, կոպիտ ասած, գործից դուրս է եկել կամ չի փոխանցել գումարը»,- ասաց նա։
Մեր հարցին՝ վերջին տվյալներով հիմնադրամի մուտքերը որքա՞ն են եղել, եւ ո՞ր ամսվա տվյալներն ունեն, Մանուկյանն ասաց․ «Դեկտեմբեր ամսին եղել է 24 հազար մարդ, նոյեմբերին՝ 12 հազար, հոկտեմբերին՝ 6 հազար մարդ»։ Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռ չեն ամփոփվել, ուստի Նիկոլ Փաշինյանին էլ չէին կարող տրամադրել 2019-ի հունվար-փետրվար ամիսների տվյալները։
Մենք դիմեցինք նաեւ ֆինանսների նախարարություն՝ ճշտելու, թե 2018-ի դեկտեմբերին եւ 2019-ի հունվարին որքան գումար է փոխանցվել Զինվորների աջակցության հիմնադրամին։ Սակայն ֆիննախից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել, երկուշաբթի կպատասխանեն։ Ի դեպ, կասկածներ կան նաեւ, որ այս հիմնադրամին հասանելիք գումարները ֆիննախը չի փոխանցել, քանի որ անցյալ տարի բյուջեում լուրջ սղություն կար, պետությունը փողի կարիք ուներ, ուստի ֆիննախը որոշել է հիմնադրամին հասանելիք գումարները չփոխանցել՝ ծախսել պետական այլ կարիքների համար՝ պայմանով, որ հետո կփոխանցեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում