Սիմոն Մարտիրոսյան. Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է
«Եվրոպայի առաջնությունից առաջ դաստակիս վնասվածքը խանգարում էր, սակայն մրցման ժամանակ ամեն բան լավ անցավ, և այդ ցավը զգալ չտվեց: Գուցե ադրենալինն ու նպատակասլացությունը թույլ չտվեցին զգալ ցավը: Ավելի բարձր քաշերը թողել ենք աշխարհի առաջնության համար: Պետք է շատ մարզվել»,- ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ պատմել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո:
Աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 427 (192+235) կգ արդյունք և 16 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված բելառուս Անդրեյ Արամնաուին:
Նա նշել է, ոչ աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո պետք չէ թերագնահատել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, քանի որ ամեն ինչն էլ ունի իր տեղը:
«Զգացողություններն անկրկնելի են: Պետք է շարունակեմ աշխատել:
Մրցակցության մասին կասեմ, որ հաղթանակը հեշտ տրվեց ինձ: Ինքներդ տեսաք, որ կարող էի նույնիսկ չգալ հրում վարժության երկրորդ մոտեցմանը: Կատարեցի երկրորդ մոտեցումը, որպեսզի ապացուցեմ մրցակիցներիս, որ կարող եմ գերազանցել նրանց ցանկացած արդյունք եւ թույլ չտվեցի մտածել, որ կարող են հաղթել ինձ: Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է, այն մարդկանցը, ովքեր ունեն ներդրում՝ ծնողներս, մարզիչներս և պարոն Գագիկ Ծառուկյանը:
Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին և կասեմ, որ սպասեն նորանոր հաղթանակների: Մարզադահլիճում երկրպագուական աջակցությունը շատ է ոգեւորում»,- նշել է Սիմոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ էր նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում: Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով և սահմանել աշխարհի ռեկորդ: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում:
Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
Հարակից հրապարակումներ`
- Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է
- Սամվել Գասպարյան. Լարվածությունը թույլ չտվեց ցուցադրել առավելագույն հնարավորություններս
- Սամվել Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը գրավեց չորրորդ տեղը
- Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Լիաննա Գյուրջյանը և Տաթեւ Հակոբյանը
- Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. մրցումների ժամանակացույց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան