Այդ պահին հիշեցի, թե որքան եմ տանջվել իմ մարզիչների հետ. Արսեն Հարությունյան
«Մեր բոլոր մարզիկները մտնում են գորգ՝ հաղթելու համար, ցանկացած գոտեմարտ ցանկացած մարզիկի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը՝ անդրադառնալով Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքներին։
Կյուրղինյանի խոսքով՝ դա ապացուցեց թե Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը, թե Վազգեն Թևանյանը։
Հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանն էլ ասաց. «Ամբողջ դահլիճը Արսենի մասին էր խոսում, իր կամային հատկանիշների մասին։ Վազգեն Թևանյանից ևս մեդալ էինք սպասում, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց սփոփիչ գոտեմարտերին»։
Հանդիպմանը ներկա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանն էլ կիսվեց իր տպավորություններով՝ նշելով, որ ամենատպավորիչը եզրափակիչ գոտեմարտն էր։
«8-0 հաշվով պարտվում էի, սակայն կարողացա եմ հետ բերել միավորներ։ Միշտ կհիշեմ այդ գոտեմարտը, որ չընկճվեցի, ավելի հավաքվեցի ու գնացի հաղթելու։ Այդ պահին հիշեցի, թե որքան եմ տանջվել իմ մարզիչների հետ, պետք է անպայման հաղթեի, աշխատանքս ջուրը չպիտի գցեի»,- ասաց մարզիկը։
Ինչ վերաբերում է հաղթանակից հետո Հայաստան վերադառնալուն՝ Հարությունյանն ասաց. «Շատ լավ դիմավորցին ինձ այստեղ, արդեն զգում եմ, որ հաղթել եմ, ուր գնում եմ, բոլորը ճանաչում են, հարգում են, ինչ գործ ուզում եմ անեմ, առաջ են գցում»։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը՝ 17։11 հաշվով հաղթելով Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Հարությունյան․ Շնորհակալ եմ, որ հետևում ու երկրպագում եք ինձ
- Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա