Դե եկեք երեք նախարարություն թողնենք՝ ծախսերի, ձեռքբերումների, մյուսն էլ՝ «դուխով առաջ գնալու». Գևորգ Պետրոսյան
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում էր ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների իմաստն է ունենալ ֆունկցիոնալ իմաստով կառավարության ավելի օպտիմալ կառուցվածք։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետարքրքվեց՝ կոնկրետ քանի՞ հաստիք կամ աշխատատեղ է կրճատվելու բարեփոխումների արդյունքում. «Քանի՞ հաստիք է կրճատվելու, և ի՞նչ արժե այդ հաճույքը։ ԲՀԿ-ն միշտ կարևորել է մշակույթի և սփյուռքի կառույցների անհարժեշտությունը և մեզ հետաքրքրում է այդ նախարարությունների լուծարման արդյունքը, որևէ քննարկում բնագավառի աշխատողների ու ներկայացուցչների հետ տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ»։
Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մի քանի տասնյակ քաղաքական հայեցողական պաշտոններ կկրճատվեն՝ նախարարների, տեղակալների, խորհրդականների, քարտուղարների, բայց ասաց, որ թիվը չի կարող ներկայացնել։ Այսինքն՝ կրկնվող ստորաբաժանումների պարագայում այդ կրճատումների թիվը մի քանի հարյուր կլինի, աջակցող ստորաբաժանումները, որոնք կկրկնվեն, կկրճատվեն, և անձինք կընդգրկվեն ռեզերվում, ու կառաջարկվեն այլ պաշտոններ, ինչպես որ օրենքում է նախատեսված»։
Պատգամավորն արձագանքեց. «Նախարարություններ են միացվում՝ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի, ինձ ով կբացատրի այսօրվա կրթության նախարարն ի՞նչ կապ ունի սպորտի հետ, լավ, որ միացնում ենք, հեչ նշանակություն չունի ղեկավարների համապատասխանությունը ոլորտին։ Այդ դեպքում եկեք երեք նախարարություն թողնենք, մեկը ծախսերի, մյուսը ձեռքբերումների, մյուսն էլ դուխով առաջ գնալու»։
Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Դժվար թե գտնեք մի նախարար, որ իր ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտների հետ նույն հավասարությամբ առնչություն ունենա։
Նախարարները քաղաքական պաշտոններ են, տեղակալներ կան, որոնք պատասխանատու ենք ոլորտի համար։ «Դուխով առաջ գնալու» նախարարության վերաբերյալ՝ մենք շատ ավելի բարձր մակարդակի կառույց ունենք՝ ԱԺ-ն, առհասարակ կառավարություն ունենք, ոչ թե ընդամենը նախարարության մակարդակ»։
Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի, Հայաստանում 12 նախարարություն կլինի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան