Զարթոնքում խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է երկու անձ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ: Վիճաբանության ձայները լսելով` հավաքվել են նաև Զարթոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող, ինչպես նաև նրա կողմնակից մի խումբ համագյուղացիներ, որոնց միջև ևս վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ., «Վալտեր Մ-13» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից երեք անգամ կրակել է իրենց տան կողմ առաջացող համագյուղացիների ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի շարք անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են ավտոմեքենաներ, խախտվել է հասարակական կարգը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. ապրիլի 12-ին` ժամը 14:10-ի սահմաններում, Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցում Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցների կողմից տեսչական ստուգում անցկացնելու ժամանակ դպրոցի մոտ հավաքվել են համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող մի խումբ համագյուղացիներ, որոնց մուտքը դպրոցի բակ արգելվել է դպրոցի պահակի կողմից: Ընդդիմանալով ցուցաբերված արգելքին՝ համագյուղացիները վիճաբանել են պահակի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել նրա եղբոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ, և նույն գյուղի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1993թ.:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Զարթոնքի գյուղապետը որոշել է վաղաժամկետ դադարեցնել լիազորությունները
- Զարթոնքի գյուղապետն իր խոսքը երկուշաբթի կասի
- Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
- Մեկի գլուխը կուտեն սրանք. Զարթոնքի բնակիչ
- Զարթոնքում հրացան գործադրած անձին բերման են ենթարկել
- Զարթոնքում լարված իրավիճակ է