«Ժառանգություն»-ը Փաշինյանից նոր բացված աշխատատեղերի մասին տեղեկանք է պահանջում
«Ժառանգություն» կուսակցության բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Կուսակցության լրատվական ծառայության նամակում ասված է.
«Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք,որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու և մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարևորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը:
«Ժառանգություն» կուսակցությունը, որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության և իրազեկման սահմանադրական իրավունքի հետևողական պաշտպան, խնդրում և պահանջում է, որ Դուք ներկայացնեք նոր բացված այս 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք, որն ըստ ամենայնի Ձեզ համար արդեն պետք է կազմած լինեին կառավարության պատկան ատյանները:
Մենք ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակված նյութերում չգտանք հավաստումը Ձեր նշած նորահայտ աշխատատեղերի, ավելին՝ փետրվար ամսվա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աշխատունակ բնակչության 20,8 %-ը՝ 228,8 հազար մարդ գործազուրկ է, որը նախորդ ամիսներին արձանագրված ցուցանիշերից գրեթե չի տարբերվում:
Արդյունաբերությանը և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող վերլուծականներն էլ փաստում են, որ շատ ճյուղերում, մասնավորապես՝ մետաղագործության և հանքարդյունաբերության մեջ, ունենք ցուցանիշերի ակնհայտ անկում, որը բնականաբար ուղեկցվել է աշխատատեղերի փակմամբ:
Լիահույս ենք, որ ի հաստատումն Ձեր ղեկավարած կառավարության աշխատանքի թափանցիկության հռչակված սկզբունքի, կհրապարակեք տեղեկանք, որից ՀՀ քաղաքացիների համար պարզ կդառնա, թե քանի աշխատատեղ է իրականում բացվել, տնտեսության որ ոլորտներում է գրանցվել նման առաջընթաց: Ինչպես նաև ակնկալում ենք համապատասխան տեղեկատվություն, թե որքան աշխատատեղ է փակվել ձեր կառավարության գործունեության ընթացքում: Հասարակությանը կողմնորոշելու հրապարակային այլ մեթոդները համոզիչ չեն, և չեն կարող ՀՀ քաղաքացիների բոլոր շերտերի համար բացահայտել, թե որքանով է արդյունավետ տնտեսական հեղափոխության նոր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում:
Ակնկալելով Ձեր պատասխանը հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ նախորդ իշխանությունները ևս տրվում էին իրականության առասպելականացման գայթակղությանը, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը հայտարարում էր Հայաստանում 4 մլն բնակչության տեսլականը, տնտեսական աճի բարձր տեմպերը, բայց այդ առասպելականացումը հանգեցրեց նրանց իշխանության վարկաբեկմանը և, ի վերջո, ժողովրդական հեղափոխությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին