Լևոն Ջուլֆալակյան․ Ամեն մեդալ իր արժեքն ունի
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոեմական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 բրոնզե մեդալ նվաճեց՝ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը, 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը:
Հունահռոմեկան ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է առաջնությունը և շեշտել, որ թիմը ունակ էր անել ավելին.
«Երկու մեդալը քիչ էր. ես ավելի մեծ սպասելիքներ ունեի:
Մենք երկու քաշային կարգում սայթաքեցինք (խմբ. նկատի ունի 63 և 72 կգ քաշային կարգերը ), և մեղավորությունը մարզիկներինն էր:
63 կգ քաշային Սլավիկ Գալստյանի հնարավորությունները ներում էին եզրափակիչ դուրս գալու և այնտեղ պայքարելու համար։ Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ եզրափակչում, բայց նա պարտավոր էր այնտեղ հայտնվել (63 կգ քաշային կարգում Գալստյանն առաջին իսկ գոտեմարտում պարտվեց Ստիգ-Անդրե Բերգեին Նորվեգիայից, դրանից հետո էլ բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին):
72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը բրոնզե մեդալի համար վատ գոտեմարտեց և հաղթանակը նվիրեց մրցակցին: Կարող էինք 4 մեդալ ունենալ:
Արսեն Ջուլֆալակյանը նույնպես պետք է եզրափակչում գոտեմարտեր, սակայն տակտիկական սխալ թույլ տվեց, իսկ մրցավարներն էլ ճիշտ չգնահատեցին իրավիճակը:
2 բրոնզե մեդալը լավ արդյունք է ցանկացած երկրի համար: Մենք միշտ ձգտում ենք ոսկե մեդալների, բայց ամեն մեդալ իր արժեքն ունի»:
Լևոն Ջուլֆալակյանը դժգոհ է առաջնությանը մասնակցած մի քանի ըմբիշներից.
«Գևորգ Ղարիբյանը, Սարգիս Քոչարյանը, Ռուդիկ Մկրտչյանը իրենց հնարավորության սահմաններում չգոտեմարտեցին»:
Հավաքականի գլխավոր մարզիչը բացատրեց, թե ինչու է ամբողջական կազմով ներկայացել այս առաջնությանը.
«Բոլորից էլ սպասելիք ունեի, առջևում Եվրոպական խաղերն են, և 6 քաշային կարգում վարկանիշ էր պետք, իսկ այս առաջնությանն էլ մասնակցույթունը պատրադիր էր: Մյուս 4 քաշային կարգերում հանդես եկող մարզիկներից էլ սպասելիք ունեի: Դավիդ Օվասապյանին փորձի պակասը թույլ չտվեց լավ հանդես գալ, դեռ աճելու տեղ ունի, բայց քանի որ երիտասարդների աշխարհի ուԵվրոպայի մրցանակակիր է եղել, նրան հնարավորություն տրվեց:
Աշխարհի առաջնությունից առաջ կմտածենք՝ քանի քաշային կարգում հանդես գալ»:
Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց նաև, որ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերից առաջ հավաքականը կանցկացնի 2 ուսումնամարզական հավաք և կմասնակցի 1 միջազգային մրցաշարի։