Շուշան Դոյդոյան. Լրատվամիջոցները պետք է ազնիվ լինեն իրենց լսարանի հետ
«Հասարակությունը, քաղաքացիները, լսարանն իրավունք ունեն իմանալու, թե ով է կանգնած այս կամ այն լրատվամիջոցի հետևում։ Դա բոլորովին չի նշանակում, որ դա իր հետ բերելու է ռեպրեսիվ միջոցառումներ»,-նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Նա մասնակցում էր «Մեդիա Կենտրոն»-ի կազմակերպած «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկմանը։
Նավասարդյանը կարծում է, եթե պարզվի լրատվամիջոցի ֆինանսավորումն իրականացնում է ընդդիմադիր գործիչ, ապա դա կբերի ավելի պաշտպանված լինելուն, քանի որ լրատվամիջոցի հետ կապված ցանկացած ոտնձգություն կստանա քաղաքական աստառ։
«Հանրային նշանակության բոլոր ոլորտներում այդ արդար խաղը պետք է ապահովված լինի։ Գուցե մի փոքր վուլգար օրինակ բերեմ, բայց այդպես է։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը չպետք է ծախսի ավելի շատ, քան վաստակում է։ Հակառակ դեպքում ստանում է մեկ տարվա արգելք նոր խաղացող ձեռք բերելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ դա պետք է գործի նաև լրատվամիջոցների դեպքում։
Քննարկմանը մասնակցող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն այն համոզման է, որ լրատվամիջոցները չպետք է սպասեն իրավական ակտի ընդունմանը, դա պետք է անեն օր առաջ։
«Լրատվամիջոցները պետք է ազնիվ լինեն իրենց լսարանի հետ։ Այն մարդը, ով վերջնական շահը կամ եկամուտն է ստանում, պետք է բացահայտվի, դա կբերի ԶԼՄ-ի նկատմամբ վստահության աճին»,-նկատեց նա։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ուրախ է, որ թեման տաք է ու ակտուալ։
«Եթե ուզում ենք, որ արդար խաղի կանոններով աշխատեն իրենց լսարանի հետ, ապա թափանցիկությունը կարևոր պայմաններից մեկն է»,-նշեց նա։
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը նշում է կոռուպցիայի հետ կապված խնդիրները, որոնք, ըստ նրա ԶԼՄ-ների դեպքում երեքն են։
«Առաջինը սեփականության հարցն է։ Կան ռիսկեր, որ դա կարող է վտանգի ենթարկել բազմակարծությունը, դա իրական է դառնում այն դեպքում, երբ ԶԼՄ-ների մեծ մասը կենտրոնացած են մի քանի հոգու ձեռքում։ Հաջորդը ֆինանսավորման հարցն է, երբ անկախ սեփականատիրոջից, լրատվամիջոցները կարող են գումար ստանալ այս կամ այն կազմակերպությունից ու պատվեր կատարել։ Երրորդն էլ լրատվամիջոցների աշխատակիցներն են, որոնք կարող են այս կամ այն նպատակով ոչ ճիշտ ներկայացնել պատկերը, խաթարել իրականությունը։ Այս խնդիրների լուծումը պետք է կատարել մի քանի եղանակով»,-մանրամասնեց Այվազյանը։
Նրա համոզմամբ, թվարկված առաջին երկու խնդիրների լուծումը պետք է լինի օրենսդրական դաշտում, անհրաժեշտ են փոփոխություններ։
«Օրենքը պետք է սահմանի պատասխանատվություն պահանջները չկատարելու համար։ Իսկ անհատներին վերաբերող խնդիրը պետք է լինի էթիկայի նորմերի ու ինքնակարգավորման սահմաններում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Այս մեսիջը շատ ուժեղ մատ թափ տալ էր մամուլի վրա
- Շ. Դոյդոյան. Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում