Փաշինյանը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է բուհի լաբորատորիաներում՝ ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վարդան Ուռուտյանի խոսքով, բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կրթական ծրագրերի օպտիմալացում և արդիականացում, դասախոսների վերապատրաստում, կրթություն-գիտություն-արտադրություն խզված կապի ամրապնդում, տեխնիկական բազայի և լաբորատոր կարողությունների նորացում ու համալրում։
Իրականացվում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի արդիականացում։ ՀԱԱՀ-ում մեկնարկել է նյութատեխնիկական բազայի համալրման և լաբորատորիաների նորացման գործընթացը՝ տեղական և միջազգային գործընկերների գործուն մասնակցությամբ։ Համալսարանը համագործակցում է աշխարհի շուրջ 40 բուհերի հետ՝ իրականացնելով կրթական համատեղ ծրագրեր:
Բուհում ներդրվում են ֆինանսավորման և ֆոնդագոյացման նորարարական մեխանիզմներ, մասնավորապես աշխատանքներ են իրականացվում ավանդաշնորհային (endowment) ֆոնդի ստեղծման ուղղությամբ։ Ստեղծվում և ամրապնդվում են հիմնադրամների, բարերարների, Սփյուռքի կազմակերպությունների հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ։
Վարդան Ուռուտյանն ասել է, որ բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին։ Ռեկտորի խոսքով՝ շուտով կստեղծվի նաև գիտելիքների ստուգման և թեստավորման նոր կենտրոնը, որի համար բուհը 36 մլն դրամի նվիրատվություն է ստացել բոստոնահայ բարերար ընտանիքի կողմից:
Այս առումով, վարչապետը նշել է, որ բարերարների ներգրավումը տարբեր ծրագրերում լավ է, բայց հաշվի առնելով պետական միջոցների ավելացման միտումը՝ պետք է ըստ առաջնահերթությունների ծրագրերը հստակ ժամանակացույցով ներկայացնել նաև կառավարությանը՝ ստանալ ֆինանսավորում և լուծել խնդիրները պետական մակարդակով:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ագրարային համալսարանի զարգացումը՝ ընդգծելով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: «Մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդու կյանքը ձևավորվում է այսպես. չարչարվում ենք, բայց արդյունք չունենք: Մեր ամենակարևոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որպեսզի նախ այդ չարչարանքը դառնա աշխատանք: Ո՞րն է տարբերությունն աշխատանքի և չարչարանքի միջև: Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, երկրորդը, որ ինքը լինի արդյունավետ: Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի պրոցեսի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի և այդ ամբողջ գործընթացում հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը: Իհարկե, աշխատանքը պետք է չարչարանք չլինի: Շատ ուրախ եմ, որ այն, ինչ ներկայացվում է՝ համահունչ է այդ տրամաբանությանը»,- նշել է Փաշինյանը։