Բարդ որոշումներ, որ սպասում են Հայաստանին ու Եվրոպային. «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»-ը գրում է. «ԵԽԽՎ-ում Հայաստանի վարչապետի ելույթը խորհրդանշանակորեն զուգադիպեց Բրեքսիտի հարցում Եվրամիության և Մեծ Բրիտանիայի փոխհամաձայնությանը, որ կայացավ տևական քննարկումների արդյունքում: Դրանով Մեծ Բրիտանիան ստացավ վեց ամիս ժամանակ Բրեքսիտի հարցում կողմնորոշվելու համար: Մեծ հաշվով, այս հարցը, իհարկե, ընդհանրապես Եվրամիության ապագայի հարցն է, դրա նշանակալի դրվագներից մեկը, ինչը, սակայն, ամենևին միակը չէ: Եվրամիությունը շատ վաղուց է կանգնած լրջագույն տրանսֆորմացիաների հրամայականի առաջ և այստեղ ակնառու է, որ Բրյուսելն ու եվրոպական մյուս մայրաքաղաքները առաջիկա տարիներին դեռ շատ են կանգնելու հիմնարար քաղաքական որոշումների կամ լուծումների անհրաժեշտության առաջ:
Ինչով է այդ ամենը խորհրդանշական Հայաստանի վարչապետի ելույթի զուգորդման պարագայում: Նրանով, որ Հայաստանն էլ գտնվում է քաղաքական տրանսֆորմացիայի պատմական շրջափուլում, որը թավշյա հեղափոխությամբ ոչ միայն չի ավարտվել, այլ նոր է միայն մեկնարկել: Ըստ այդմ՝ խոսելով Հայաստան-Եվրոպա հարաբերության մասին, պետք է արձանագրել, որ մենք պետք է ելնենք այդ հարաբերության հիմնարար տրանսֆորմացիայի անխուսափելիությունից: Հարաբերությունը ոչ միայն չի կարող նույնը մնալ, այլ օրակարգում պետք է աստիճանաբար առաջ գա ընդհանրապես ռազմավարական հեռանկարի հանգամանքը՝ 10, 20, 30 տարվա կտրվածքով: Եթե Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը օրակարգում չչափվի ռազմավարական խորքից, ապա այդ հարաբերությունը խիստ անկենսունակ է լինելու աշխարհակարգի լայն վերափոխման ներկայիս համաշխարհային շրջափուլում և դրանում առկա բազմաթիվ այլ վեկտորներում»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։