«Պարոն Փաշինյան մտադիր չե՞ք ուսումնասիրել մաքսավորի աշխատանքային անցյալը». բաց նամակ Փաշինյանին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատգամավորը նամակը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ...
Մի կողմ թողնենք այն, որ նման աշխատասենյակներում Դրոշի պահպանման որոշակի կարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դրոշի վիճակի համար լավագույնս կարելի է դատել բարոյական պարտականության տեսանկյունից...
Բա ու՞ր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ Բա ու՞ր է մնում աշխատողի ընտանիքի անդամների, այդ թվում՝ ամենից առաջ՝ անչափահաս երեխա(ներ)ի գոյապահպանման շահը...
Մտածեք Փաշինյան, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան
Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ, և նրանք ինչո՞վ են առավել աշխատանքից անհիմն ազատված հայտնի երիտասարդից...
Որ լավ ծանրութեթև անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք և՚ ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), և՚ ցրել Ձեր հասցեին ձևավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն <<քայլած>> ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման...»։