Հարազատի մահվան համար ոստիկաններին ու բժիշկներին մեղադրող աղջկա գրության մեջ ոստիկանները սուտ մատնության հատկանիշներ են փնտրում
Ֆեյսբուք Սոցիալական ցանցում Մարիամ Մկրտչյան անունով օգտատերն իր մորաքրոջ տղայի՝ 36-ամյա Էդգար Ծատինյանի մահվան համար մեղադրում է ոստիկաններին ու բժիշկներին։
Նա իր էջում մանրամասնել է, թե ինչ հանգամանքներում է կուլ տվել փոքրիկ տոպրակով թմրանյութը, պատմել, որ ոստիկաններն ակնարկել են այն գցել հարազատի գրպանը, եթե իրենց ուզած ցուցմունքը չտա։
Ի պատասխան Մ. Մկրտչյանի ոստիկանութունը տարածել է պարզաբանում, որտեղ ասված է.
«Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:
Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:
Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:
Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:
Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար»։
«Եթե հանկարծ, ինձ իմ ընտանիքին կամ հարազատներից որևէ մեկին փորձեն վախեցնել, կամ որևէ վտանգ սպառնա, խոստանում եմ շատ մեծ պատասխանատվության առաջ կկանգնեն»,-ոստիկանության հաղորդագրությունից հետո գրել է Մարիամ Մկրտչյանը։