Զեյնալյան. Խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում
«Մեր երկրում իշխանություններն այլևս ձևավորվում են ժողովրդի կամքով, և այսուհետ ոստիկանությունը, ոստիկանը չպետք է ընկալվի և չի ընկալվելու որպես պետաիշխանական կարգադրիչ լիազորություն, հարկադրանքի միջոց բանեցնող մարդ»,- ՀՀ Ոստիկանության 101-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, ոստիկանը պետք է ընկալվի որպես իրավապաշտպան, ժողովրդի, մարդու իրավունքները պաշտպանող պետական ծառայող և անձ, որը գործում է ժողովրդի անունից, հանուն ժողովրդի։
Նախարարը նշեց, որ այս պարագայում, երբ հասարակության մեջ կա համերաշխություն, ոստիկանի բեռը պետք է շատ թեթև լինի. «Որովհետև յուրաքանչուր քաղաքացի դառնում է պետականության, պետության կրողը, դառնում է օրինականության պաշտպան: Եվ ոստիկանը դառնում է նրա կամքն իրականացնողը»:
Արդարադատության նախարարն ասաց, որ ոստիկանությունը գտնվում է իրավունքների պաշտպանության առաջնագծում, որտեղ որ նաև հանդիպում է հանցագործության, զանցանքի մեջ կասկածվող անձի հետ։
«Այստեղ են սկսում գործել այդ անձի միջազգայնորեն ստանձնած, Սահմանադրությամբ իշխանությունների վրա դրված պարտականությունները։ Այստեղ պետք է ոստիկանը բանեցնի իր գիտելիքը, մարդասիրությունը, որպեսզի չխախտվի մարդու իրավունքները»,- ասաց Ա. Զեյնալյանը։
Նախարարի խոսքով, վստահորեն կարելի է պնդել, որ Հայաստանում խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում:
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ծատինյանի մահվան վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ում են
- Հարազատի մահվան համար ոստիկաններին ու բժիշկներին մեղադրող աղջկա գրության մեջ ոստիկանները սուտ մատնության հատկանիշներ են փնտրում