Կկարողանա՞ն ադրբեջանցի բանտարկյալներին հարազատները տեսակցության այցելել Հայաստան ու Արցախ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է լրագրողների երկկողմ այցերի թույլտվության վերաբերյալ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման պատրաստակամության մասին: Այս մասին գրել է «КоммерсантЪ»-ը։
«Բաքուն միշտ վճռական է եղել ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը և ամրապնդմանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան, պատասպանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում ընդունել հայ լրագրողներին։
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը նաև նշել է, որ Բաքուն չի խոչընդոտի քաղաքացիների այցերը հակամարտող երկրներում բանտարկված հարազատներին տեսակցելու համար:
«Ադրբեջանի իշխանությունները երբեք խստագույն արգելքներ չեն պարտադրել Հայաստան և մեր օկուպացված տարածքներ քաղաքացիների այցելության համար: Նման ուղևորություններից զերծ մնալը կապված է միայն ադրբեջանցիների անձնական անվտանգության հետ: Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե հայկական կողմը ապահովի համապատասխան անվտանգության երաշխիքներ», - ասել է Աբդուլաևան:
Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչն էլ «КоммерсантЪ»-ին ասել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները չեն խոչընդոտի ադրբեջանցի բանտարկյալների հարազատների այցերին։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ապրիլի 15-ին, Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպմանն անյուհետ միացել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ասվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները։
Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը
- Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպումն ընթանում է ԵԱՀՄ ՄԽ համանախագահների մասնակցությամբ
- ՌԴ-ն հայկական արմատներով իր քաղաքացիներին զգուշացնում է Ադրբեջան կատարելիք այցերի վտանգների մասին