Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. Նարիա Զոհրաբյանը՝ պատգամավորին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր խմբակցությունների նախագծերը լիագումար նիստի օրակարգ ընդգրկել մերժելուց հետո նիստերի դահլիճում լարվածություն սկսվեց։
«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթը ընդդիմադիր պատգամավորների մոտ խիստ դժգոհություն առաջացրեց։ Մինչ նրա ելույթը ընդդիմադիր պատգամավորները խոսել էին ժողովրդին ավելի մոտ լինելուց։
«Այս պրակտիկաները բերեք դադարեցնենք։ Հարց է հնչում՝ ո՞վ է ավելի մոտ ժողովրդին։ Նորից եմ հարցնում, լո՞ւրջ եք ասում։ Ակնհայտ է, որ սաբոտաժի մարտավարությունը ընտրված է, հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի օրինագծեր են բերում, որոնք իրենք էլ չեն պատկերացնում՝ ինչպես են իրագործելու, հետո էլ պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում»,- ասաց Համազասպ Դանիելյանը։
Նրա ելույթին հաջորդեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ով ասաց, որ եկել է անկեղծ լինելու ժամանակը։
«Կներեք, Ձեր անունը, Համազասպ է, մի քիչ զուսպ եղեք։ Այն, ինչ արել է Բարգավաճ Հայաստանը, երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս հասկանալ։ Մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու ևս մի երկուսը, ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը։ Հաստատ՝ ոչ այս դահլիճում։ Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող ուժերի, գործիչների հանդեպ։ Մի փորձեք հանրությանը անընդհատ վախեցնել հակահեղափոխության ստվերներով։ Ես հասկանում եմ՝ ձեզ հեշտ է, քանի որ գործ չկա անելու, մնում է գտնել թշնամիներ»։
Անդրադառնալով «Իմ քայլ»-ի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ներկայացնում է անհեթեթ օրինագծեր, Զոհրաբյանն ասաց. «Երբ մի տիկին այստեղ խոսում է, որ մի ամբողջ խմբակցություն անհեթեթ նախագիծ է ներկայացնում, սա արդեն խոսում է ձեր քաղաքական դաստիարակության բացակայության մասին։ Մի եղեք այդքան մեծամիտ ու ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին ու էլի մի քանիսին, որ դուք այստեղ նստած եք, նստած եք զուտ պատահականորեն»։
Նարիա Զոհրաբյանի ելույթից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։
Հարակից հրապարակումներ`
- Այդ նախագծերը մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքը չեն. Գևորգ Պետրոսյան
- Մարուքյանը կառավարությանը հորդորեց, որ իրենց գաղափարն օգտագործելիս գոնե մի տեղ նշեն
- Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան