Փաշինյան. Ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է առաջացնեն
Հայաստանի ոստիկանությունն այսօր նշում է իր կազմավորման 101-րդ տարելիցը։ Ոստիկանություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեցին՝ Ոստիկանության պատվո պահակախումբը շարված է։ Նրանք ողջունեցին կառավարության ղեկավարին։ Ապա Պատվո պահակախումբը ցուցադրական ելույթ ունեցավ։
Ոստիկանի օրվան նվիրված միջոցառման հաջորդ հատվածը դահլիճում էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելով ներկաներին, ասաց. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք , սակայն փշալարերի տարբեր կողմերում։ Եվ ես այդ օրը շատ նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության և ՀՀ քաղաքացիների հարաբերությունների մեջ»։
Նրա խոսքով, դա սկիզբն էր ոստիկանությանու քաղաքացիների միջև նոր հարաբերությունների, այն առումով, որ ոստիկանները չպետք է ատելություն արտահայտեն, չպետք է լինեն ատելության դրսևորում, ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է առաջացնեն։
«Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք համարել այն, որ ատելությունը որպես հարաբերությունների հատկանիշ ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության ու հասարակության, իշխանության ու հասարակության հարաբերություններից»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2001 թվականի ապրիլի 16-ին։ Այդ օրվանից ամեն տարի ապրիլւ 16-ը նշվում է որպես ոստիկանության օր։
Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զինծառայողները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված ոստիկանների հիշատակը: Ոգեկոչման արարողությունից հետո, զինծառայողներն ու հյուրերը, զոհված ոստիկանների հուշապատին ծաղիկներ են խոնարհել:
Այնուհետև ոստիկանության պետի հրամանով` ծառայության մեջ լուրջ արդյունքներ արձանագրած ոստիկանները տարբեր պարգևների ու կոչումների են արժանացել: Պարգևատրման արարողությանը հաջորդել է ոստիկանության զորքերի ծառայողների հանդիսավոր երթը: