Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո ավելացել է Հյուգոյի գրքի վաճառքը
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո սկսել են ավելի շատ գնել ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը։
«Գազետա.ռու»-ն նշում է, որ հրատարակությունը վերջին ժամերի ընթացքում ընդգրկվել է Amazon կայքի՝ տասը ամենահայտնի ու պահանջված գրքերի ցանկում։ Ացի այդ մարդիկ սկսել են ավելի շատ գնել նաև Փարիզի ուղեցույցներ։
«Փարիզի Աստվածամոր տաճարը» Վիկտոր Հյուգոյի առաջին պատմական վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1831 թ.-ի մարտին, իսկ հայերեն թարգմանվել է 1953 (Վ․ Միքայելյան) և 2012 թվականներին։
«Փարիզի Աստվածամոր տաճարն այսօր էլ անկասկած հոյակապ ու փառահեղ կերտվածք է: Սակայն հնանալով հանդերձ որքան էլ գեղեցիկ մնացած լինի, այնուամենայնիվ, չես կարող չհառաչել և չվրդովվել՝ տեսնելով այն անհամար ավերվածքներն ու վթարումները, որ ժամանակն ու մարդը միաժամանակ հասցրել են պատկառելի հուշարձանին՝ հարգանք չտածելով Կառլոս Մեծին, որ դրել է նրա առաջին քարը, և Ֆիլիպ Օգոստոսին, որ դրել է վերջինը»,- «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում գրում է Վիկտոր Հյուգոն:
1831 թվականին՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելի հրապարակումից հետո, կառույցի հանրաճանաչությունը վերածնվել է: 1963 թվականի սկզբին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրական գույնը: Մեկ այլ մաքրման և վերականգմնան արշավ է սկսվել 1991-2000 թվականներին:
Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:
Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
- Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է