Մարուքյան. ԱԺ-ում ուժերը չեն հավաքվել, որ իրար մասին կենացներ ասեն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի զղջացել իր որևէ հայտարարության համար։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես հիշում եմ՝ մեկ տարի առաջ, հինգ ամիս առաջ, վեց տարի առաջ ինչ եմ ասել, հպարտանում եմ դրանցով ու տեր եմ իմ ասածներին»,-ասաց նա՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ իրեն ուղղված հայտարարությանը, փորձել հիշեցնել, թե ով էր Մարուքյանը մինչև հեղափոխությունը։
Նա ասաց, որ բոլորի ջանքերով է, որ Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ փոփոխություն։
«Չգիտեմ, ոնց է ստացվել, որ համընկել է։ Բայց ես այդ նույն պահին պետաիրավական հանձնաժողովի նիստում ՔՊ վարչության անդամին, ասում էի, այ ինչու չեք կատարում Նիկոլ Փաշինյանի տված խոստումը»,-ասաց նա։
Անդրադառնալով այսօրվա նիստի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրած վիրավորանքներին, կոչերին, Մարուքյանն ասաց՝ ԱԺ-ում ուժերը չեն հավաքվել իրար գովելու և իրար մասին կենացներ ասելու համար։
«Լինում են նաև բանավեճեր, մի տեղ ավելի սուր, էմոցիաները սրվում են։ Դրանք մնում են քաղաքական հարթության վրա, դրանք որևէ կերպ չի կարելի տեղափոխել անձնական հարթություն։ Աշխարհի պառլամենտներում իրար ջարդել էլ են, ծեծել էլ են, փշրել էլ են։ Մեր պառլամենտում նման բան չի եղել, բանավեճեր են, դրանք պետք է լինեն։ Եթե ամեն ինչում իրար հետ համաձայնեք, կստացվի բազմակարծություն չկա։ Մեկ ասում են, միապաղաղ է, մեկ էլ՝ շատ թեժ է։ Մի հատ կողմնորոշվեք, մենք էլ իմանանք՝ ինչ անենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լռելու և լռեցնելու կռիվ ԱԺ-ում. Դուք ա, դու չի ձեզ համար
- Մարուքյանը կառավարությանը հորդորեց, որ իրենց գաղափարն օգտագործելիս գոնե մի տեղ նշեն