Լռելու և լռեցնելու կռիվ ԱԺ-ում. Դուք ա, դու չի ձեզ համար
ԱԺ ամբիոնին ելույթ ունենալու նպատակով մոտեցած «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանի խոսքն էլ այսօր առանց ընդհատումների չեղավ։ Նա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին մեղադրեց անտեղյակության մեջ։
«Ցավում եմ, որ չգիտեք»,-ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքը կիսատ մնաց, «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանն ինչ-որ բան ասաց տեղից։ Հայրապետյանն էլ նկատողություն արեց ու մատը վեր տնկեց՝ գործընկերոջը ընդհատելու համար։
«Ես լուռ լսել եմ, հարգալից եմ եղել, ուրեմն՝ տեղից ոչ մի խոսք»,-Հայրապետյանի այս խոսքն էլ կիսատ մնաց, -«Իյաա, պարոն Գորգիսյան, լռեք»։
«Դուք լռեք»,-հակադարձեց Գորգիսյանը։
«Ո՞նց, դուք լռեք»,-բարկացավ Հայրապետյանը։
Այս երկխոսությանը հետևեց աղմուկ-աղաղակ, միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ու որպեսզի ձայնը լսելի լինի՝ դմփդմփացրեց իր սեղանին.«Ժողովուրդ, մի րոպե, պարոն Գորգիսյան, պարոն Հայրապետյան, ըսենց չեղավ, մեկը գրանցվում է, գալիս է ամբիոնի մոտ, խոսում են, էս ի՞նչ բան է»։
Ամբիոնի մոտ կանգնած Հայրապետյանն այս անգամ Գորգիսյանին ու նրա գործընկերներին խնդրանք ուղղեց՝ փոխել իրենց ոճն ու հռետորաբանությունը։
«Սա խնդրանք է, բայց չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, բայց եթե դուք չփոխեք ձեր ոճը, մենք կփոխենք մեր ոճը։ Ես չեմ ուզում որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին։ Իսկ դուքի հետ կապված, ինձ թվում է, էս հատվածն արդեն պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»,-շարունակեց նա, բայց էլի «Լուսավոր Հայաստան»-ից ռեպլիկ արեցին։
Սա բարկացրեց Հայրապետյանին, նա սկսեց սպառնալ.
«Լռեք։ Այ քեզ բան մյուս անգամ չեմ թողնի ընդամենը ծըպ... ձեն հանեք ըստեղից։ Լռեք, ասեցի, դու չի, Դուք ա ձեզ համար, դու ո՞վ ես...»։
«Լուսավոր Հայաստան»-ից Հայրապետյանի հասցեին ուղղված «Էս ո՞վ է, ո՞վ է» հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն է։ Շատ ցավում եմ Ձեզ համար, որ մինչև հիմա չեք ծանոթացել»։
Հարակից հրապարակումներ`
- Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. Նարիա Զոհրաբյանը՝ պատգամավորին
- Այդ նախագծերը մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքը չեն. Գևորգ Պետրոսյան
- Մարուքյանը կառավարությանը հորդորեց, որ իրենց գաղափարն օգտագործելիս գոնե մի տեղ նշեն