Լավագույն դաշնակահարներից Ալեքսանդր Ռոմանովսկին ելույթ կունենա Երևանում
Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 22-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացվեն Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նվագախմբի հետ հանդես կգա մեր օրերի լավագույն դաշնակահարներից մեկը՝ աշխարհում մեծ ճանաչում վայելող Ալեքսանդր Ռոմանովսկին։
«Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու մասին գրել է. «Ալեքսանդրը յուրահատուկ է։ Նրա մեջ ոչ միայն համատեղված են երևակայությունն ու կատարողական տեխնիկայի արտասովոր տաղանդը, այլև զգացմունքայնությունն ու երաժշտության գեղեցիկ մեկնաբանությունը»։ Հեղինակավոր «Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու ալբոմը՝ բաղկացած Ռախմանինովի ստեղծագործություններից, գնահատել է որպես մեծագույն նվաճում։
Ռոմանովսկու արվեստին հայ երաժշտասերները ծանոթ են, նրա համերգները Երևանում միշտ անցնում են լեցուն դահլիճներում և բուռն ծափահարությունների ներքո։ Նա սպասված երաժիշտ է Հայաստանում, ում այստեղ սիրում ու գնահատում են։
«Հայերը շատ հոգևոր և խորը զգացմունքային ժողովուրդ են՝ հավատարիմ իրենց արժեքներին»,- մի առիթով ասել է Ռոմանովսկին, ում ծափահարում են աշխարհի լավագույն բեմահարթակներում, ով ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի ու ճանաչված դիրիժորների հետ։