Ո՞վ է ասել,որ մենք դեմ ենք. Արարատ Միրզոյան
«Ո՞վ է ասել նման բան, ո՞վ է ասել, որ մենք դեմ ենք»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ելույթներից այնպիսի տպավորություն է, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է Գոռ Հովհաննիսյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությանը։
«Ես խոսել եմ ԱԺ նախագահի ու աշխատակազմի անունից և ասել եմ, որ որպեսզի հնարավորություն տրվի իրավասու մարմնին՝ հանրապետության նախագահին իրականացնել իրեն վերապահված լիազորությունները, հնարավորություն եմ տվել գրանցվել թեկնածուին, այնուհետև նամակով դիմել եմ և առաջարկել ձևական սխալները շտկելու համար ուղարկել ամեն ինչ հայերեն և ապացույցներ ուղարկել, ինչը օրենքը սահմանում է»,- ասաց ԱԺ նախագահը։
Դիտարկմանը, թե ինչու հստակ դիրքորոշում չկա, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու, Արարատ Միրզոյանը խոհրդուրդ տվեց խմբակցությունից հարցնել։
Հարցին, թե միգուցե հատուկ բոյկոտո՞ւմ են, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունում այդ պաշտոնում տեսնում են Վահե Գրիգորյանին, ԱԺ նախագահն ասաց՝ եթե այդպես լիներ, ինքն ուներ բոլոր հնարավորությունները ի սկզբանե չգրանցել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
Դիտարկմանը՝ գուցե ձևական են գրանցել, որպեսզի ցույց տան, թե ժողովրդավար են, Արարատ Միրզոյանը նշեց, որ իր ելույթում ասել է՝ նրա թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի մեջ խնդիրներ են եղել։
«Մեջբերեցի «Լեզվի մասին» օրենքն ու Սահմանադրությունը, որ ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն հայերեն: Որպեսզի Գոռ Հովհաննիսյանին օրենքի տառից կառչելով ձևական պատճառաբանությամբ չսահմանափակվի այդ հնարավորությունը, նրա թեկնածությունը գրանցվել է: Եվ այդքանից հետո Դուք ասում եք, որ արհեստական խոչընդոտ է ստեղծվում Գոռ Հովհաննիսյանի համար, որպեսզի հնարավորության դուռ բացվի Վահե Գրիգորյանի համար: Տրամաբանությունն ինձ բոլորովին հակառակն է հուշում, ես գրանցում եմ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, հետո հնարավորություն տալիս, որ եղած բացերը լրացվեն, դրանից հետո Դուք եկել ու ասում եք, որ Գոռ Հովհաննիսյանի առջև խոչընդոտնե՞ր են ստեղծվում»,- ասաց ԱԺ նախագահը։
Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցությունը Վահե Գրիգորյանի՞ն է տեսնում ՍԴ դատավոր, Արարատ Միրզոյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ով ում ինչ է տեսնում: Քննարկում ենք Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Արհեստական խոչընդոտ նրա թեկնածության համար ոչ միայն չի ստեղծվել, այլև ճիշտ հակառակը, թերի փաստաթղթերը շտկելու համար նոր հնարավորություն է ընձեռվել»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ի կողմից կայացրած որոշումների հետ շատ հաճախ համաձայն չեմ. Գոռ Հովհաննիսյան
- Ձեր հարցին պատասխանելու համար պետք է նստեմ և հասկանամ, թե ինչ իրավիճակ է երկրում. Գոռ Հովհաննիսյան
- ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ