Այդ նախագծերը մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքը չեն. Գևորգ Պետրոսյան
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին բացի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ առաջարկ էր արել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ևս համապատասխան հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։ Օրինագծով առաջարկում են, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Հարցը չընդգրկվեց ԱԺ հերթական նիստերի օրակարգ։
Այնուհետև ամբիոնից ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Իշխանության գործողություններին առարկություն ներկայացնելու համար մի ճտոցով հրահանգ է տրվում սոցիալական ցանցերում հարձակում գործել ընդդիմության ներկայացուցիչների վրա։ Ասում են, թե հեղափոխության դեմ պայքար է սկսվել, հեղափոխությունը միայն ձերը չի, մի սեփականաշնորհեք հեղափոխությունը, մի փորձեք մեր հանրությանը դրաձնել ամբոխ, սոցիալական ցանցերում զոմբիական հրաման տալ՝ զոմբիի նման հարձակվեք։ Ի՞նչ ենք ասում, ադեկվատ, նորմալ նախագիծ է։ Ասում ենք քննարկենք, սա այն հարթակն է, որտեղ պետք է քննարկել, բանավիճել, միգուցե դուք մեզ համոզեք, որ մենք սխալ ենք, բայց էսպես իմպերատիվ կերպով դակել, ասել՝ ոչ ու գնալ առաջ, ինձ մոտ արթնացնում է շատ վատ հիշողություններ»։
Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ իրենց ներկայացրած օրինագծերը շատ հստակ են. «Այդ նախագծերը ոչ թե մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքն է, այլ մարդկանց հետ խոսելու, քննարկելու, խնդիրները ուսումնասիրելու արդյունք է»։
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է քվեարկությամբ ընդգրկել նախագծերը լիագումար նիստի օրակարգ, քննարկել, հետո միայն որոշում կայացնել. «Քննարկենք, ապացուցեք, որ լավը չի, պոպուլիզմ ա։ Վերջին հաշվով, մամուլում էլ է գրվել, պառլամենտը պարապության է մատնվել, կառավարությունը չի գեներացնում նախագծեր, պատգամավորների նախագծերն էլ մերժվում են, չեն թողնում որ քննարկվեն։ Ինչո՞վ ենք մենք զբաղված»։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը կառավարությանը հորդորեց, որ իրենց գաղափարն օգտագործելիս գոնե մի տեղ նշեն
- ԲՀԿ. Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում