Էդգար Ծատինյանի մահվան վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ում են
ՀՀ դատախազությունը Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանի՝ բժշկական կենտրոնում մահանալու հանգամանքների վերաբերյալ ներկայացված հաղորդումը, մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և հետագա ընթացքը լուծելու համար: Այս մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Panorama.am-ին Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, ՀՔԾ-մ ստացել է դատախազության ուղարկած նյութերը։
Հիշեցնենք, որ Էդգար Ծատինյանի մահվան շուրջ աղմուկը բարձրացավ նրա մորաքրուջ դստեր գրառումից հետո։ Մարիամ Մկրտչյանը 36-ամյա Էդգարի մահվան համար մեղադրում է ոստիկաններին ու բժիշկներին։ Ոստիկանությունից ևս արձագանքել են Մարիամ Մկրտչյանի գրառմանը։
«Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար»,-հայտնել էին ոստիկանությունից։
«Եթե հանկարծ, ինձ իմ ընտանիքին կամ հարազատներից որևէ մեկին փորձեն վախեցնել, կամ որևէ վտանգ սպառնա, խոստանում եմ շատ մեծ պատասխանատվության առաջ կկանգնեն»,-ոստիկանության հաղորդագրությունից հետո գրել է Մարիամ Մկրտչյանը։