Մարուքյանը կառավարությանը հորդորեց, որ իրենց գաղափարն օգտագործելիս գոնե մի տեղ նշեն
Ազգային ժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։
Փաթեթի հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է։ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ նախագծով առաջարկում են զինծառայության անմիջապես ավարտից հետո զինծառայողների պարտադիր բուժզննման անցնում և զինծառայության ընթացքում ի հայտ եկած հիվանդությունների դեպքում պետությունը կպարտավորվեր համապատասխան բուժզննության ծախսերն իր վրա վերցնել։
Գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով հայտնեց. «ԼՀԿ ներկայացրած օրենքի նախագիծն ակտուալ է, բայց այնտեղ բազմաթիվ խութեր ու մտահոգություններ կան և որպեսզի միանգամից այդ խնդիրները օրենքի մակարֆակ տալուց հետո չունենանք, կառավարությունը որոշում է կայացրել կառավարության որոշման մակարդակով անցկացնել»։
Այնուհետև մտքերի փոխանակման ժամական ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես ուզում եմ կառավարությանը կոչ անել, որ այն նախագծերը, որոնք ներկայացվում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից և իրենք մերժում են դրանց ընդունումը, իսկ հետագայում օգտագործում են միտքը, գոնե ասվի, հայտարարվի, որ սա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է առաջարկել։ Սա սիրուն բան չի, հեղինակային իրավունքի հարցը չի ընդհանրապես, ձեր ուժն այստեղ կուրսայիններն ուրիշի փոխարեն գրելու վերաբերյալ օրենք բերեց ընդունեցինք, գրագողությունն արգելեցինք, բայց կառավարությունն իր մակարդակում գրագողությամբ է զբաղված։ Գաղափարը տվել ենք, օրենքի մակարդակում մերժվել է, կառավարության որոշման մակարդակում ընդունում են։ Կառավարության մեր գործընկերներին հորդորում ենք՝ մեր գաղափարն օգտագործելիս գոնե մի տեղ նշել, որ երբ զոմբիական հարձակման ենք ենթարկվում, մարդիկ իմանան, որ մենք էլ ենք ինչ-որ մի լավ բան առաջարկել էլի»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կառավարությանը հորդորեց կառավարության նիստում ևս մեկ անգամ հնչեցնել, որ այս որոշման հիմքում ընկած է ԼՀԿ-ից եկած օրենսդրական նախաձեռնությունը։
Նշենք, որ քվերակության արդյունքում օրենքի նախագծերի փաթեթը չընդգրկվեց հերթական նիստերի օրակարգում․