Մարզպետները հայտնվել են իրավական վակումում. Էմին Երիցյան
«Հեղափոխությունից հետո ակնկալում էինք, որ կառավարությունը կձևավորի ապակենտրոնցման մեծ օրակարգ, սակայն այդ ուղղությամբ դեռևս ոչ մի քայլ չի արվում»,- այս մասին այսօր լրագրողների հետո հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։
Նրա խոսքով՝ ապակենտրոնացումը եղել և մնում է Հայստանում տեղական ինքնակառավարման զարգացման օրակարգի առանցքային հարցերից մեկը։ «Օրինակ՝ հեղափոխությունից հետո Ուկրաինան շատ հարցերում է ձախողել, սակայն այդ երկրի ամենամեծ հաջողությունը հեղափոխությունից հետո ապակենտրոնացման քաղաքականությունն էր։ Հայաստանում նույնպես այդ ակնկալիքը կար, քանի որ մինչև հեղափոխությունը երկար տարիներ կառավարությունը հայտարարում էր իր հանձնառությունն ու հավատարմությունը ապակենտրոնացմանը, սակայն մենք դեռևս ունենք կենտրոնացված երկիր»,- ասաց միության նախագահը։
Ըստ Էմին Երիցյանի՝ եթե դիտարկում են կառավարության ծրագիրը, ապա այն շեշտադրում է երկու հարց՝ համայնքների խոշորացում և անցում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգին: «Ցավոք, կառավարության ծրագրում այդ երկու դրույթները պատշաճ փորձագիտական քննարկումներ չեն անցել և ապակենտրոնացման վերաբերյալ չունենք կառավարության դիրքորոշումը»,- ասաց նա։
Այսպիով, ըստ նրա, հեղափոխությունից հետո ՏԻՄ ոլորտում առանձնապես մեծ փոփոխություններ չեղան։
Էմին Երիցյանի խոսքով՝ մինչ օրս չի էլ ընդունվել «Տարածքային կառավարման մասին» օրենքը, ինչը ևս խնդրահարույց է։
«Նախորդ տարվա ապրիլից հետո կառավարման ոլորտում իրավական վակուում ունենք, մարզպետները հայտնվել են իրավական վակումում։ Այսօր սխալ ուղերձներ են հղում բնակչությանը և դրանց պատճառով համայնքներում տեսնում ենք կոնֆլիկտային իրավիճակներ, համայնքի ղեկավարների հրաժարականի պահանջ և այլն»,- նշեց էմին Երիցյանը։
Ըստ նրա՝ եթե համայքնի ղեկավարի հետ կապված խնդիրներ, չարաշահումներ կան, դրա համար գոյություն ունեն պատասխանատվության ստանդարտ մեխանիզմներ, սակայն այս մեկ տարվա ընթացքում այնպիսի կարծիքներ են հնչում, թե բոլոր համայնքապետերը «գող ավազակ» են, ինչը սխալ է։Հայաստանի համայնքների միության նախագահի խոսքով՝ այդ ուղերձը պետք է փոխվի։
«Հեղափոխությունից հետո համայնքների բնակիչներն ակտիվացան, սակայն առաջ եկավ անձնային մոտիվացիաներով շահերի բախումներ։ Չպետք է այդ մոտիվացիաներով բախումները խրախուսվի»,- նշեց նա։