Էրդողանի թիմն ուսումնասիրում է նոր ընտրությունների հնարավորությունը
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ մտերիմ անձնական հարաբերություններով հայտնի լրագրող Ֆեհիմի Քորուն ուշագրավ տեսակետներ է հայտնել Ստամբուլում չհանգուցալուծվող հետընտրական գործընթացի վերաբերյալ:
Քորուն իր վերջին հոդվածում պնդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) վերջին օրերի գործողություններով ցույց է տալիս, որ ամեն ինչի պատրաստ է «Էրդողանի քաղաքական արկածների համար բոլոր գեղեցիկ բաների սկիզբը դարձած» Ստամբուլը ձեռքից բաց չթողնելու համար: Ըստ լրագրողի՝ իշխանության տարբերակներից մեկն էլ քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելն է:
«Սակայն մյուս կողմից էլ մտավախություն ունեն, որ նոր ընտրություններ անցկացնելու դեպքում կարող է ավելի մեծ տոկոսային տարբերությամբ պարտություն գրանցվել»,- գրել է Քորուն՝ նշելով, որ հնարավոր նոր ընտրությունների դեպքում գրանցվելիք պատկերի մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար ԱԶԿ-ն իր սոցոլոգիական ընկերություններին պատվիրել է հարցումների կատարել:
«Քվեների վերահաշվարկի համար մի շարք պատճառներ են նշվել, ներկայացված բոլոր հիմքերն էլ կարող են ճիշտ լինել, սակայն ըստ իս ամենակարևոր պատճառն այն է, որ վերահաշվարկի ընձեռած ժամանակամիջոցում ԱԶԿ-ի սոցիոլոգիական կազմակերպությունները փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչ արդյունք կստացվի նոր ընտրություններ անցկացնելու պարագայում»,-ըստ Էրմենիհաբերի նշել է լրագրողը: