Պատգամավորը խոսքն ուղղեց իր անունը բառախաղի ենթարկած Նաիրա Զոհրաբյանին
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Նարիա Զոհրաբյանի այսօրվա ելույթին։
Պատգամավորը, մասնավորապես, իր խոսքում ասաց.
«Ես իմ խոսքը պետք է սկսեմ քաղաքացիներից, մեզ դիտող լսարանից ներողություն խնդրելուց։ Կարծում եմ, որ այսօր անտեղի ամբիոնը չարաշահվեց և առանձին դեպքերում խնդիրներն անձնականացվեց։
Խոսքս ուղղում եմ ինձնից ավագ և ավելի փորձառու գործընկեր տիկին Զոհրաբյանին, ով իրեն թույլ տվեց բառախաղի ենթարկել իմ անունը։ Տիկին Զոհրաբյան, իմ ինտելեկտը, հումորի զգացողությունը, նաև Ձեր անցած ճանապարհը ինձ հնարավորություն տալիս էին համարժեք պատասխան տալու, բայց ես դա չեմ անի, չեմ անի, քանի որ կարծում եմ պահն է, որ փորձառուները մի քիչ խորությամբ վերանայեն իրենց անցած ճանապարհը և որոշեն, որ կան գծեր, որոնք չպետք է հատվեն այստեղ։
Նոր մշակույթ պետք է ձևավորվի, ես ձեզնից հրապարակային ներողություն չեմ ակնկալում, բայց վստահ եմ, որ հանգիստ միջավայրում կարող եք նաև սրա մասին խորհել և վերանայել ձեր մոտեցումը, քանի որ անուն, արտաքին տեսք և այլն, դրանք այն ոլորտները չենք, որոնց վրա մեր ժամանակը պետք է ծախսենք։ Այս երեք րոպեն հնարավոր է շատ ավելի կարևոր հանգամանքների վրա ուղղել»։