Ա լիգայի նախագահ. Հայազգի որակով բասկեբոլիստներն ավելի թանկ արժեն, քան սևամորթները
Բասկետբոլի «Ա» լիգայի առաջնության չեմպիոն է դարձել «Արագած» ակումբը։ Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի բասկետբոլի առաջնության Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանն ասաց, որ մինչև վերջին պահը պարզ չէր, թե ով է հաղթելու։
«Կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներ «Ուրարտուն», «Արագածը», «Արթիկն» ու «Արցախը» մեծ աշխատանք տարան, պրոֆեսիոնալ թիմեր էին։ Ուժեղ կիսաեզրափակիչ խաղեր էին։ «Արագածն» այս լիգային ուժեղագույն թիմն էր կազմով, կազմակերպչական հարցերով։ Գրեթե ամենաուժեղն էր»,- նշեց նա։
Ա. Պողոսյանի խոսքով, մեկ-երկու ուժեղացում անելով՝ «Արագածը» կարող էր Եվրագավաթին խաղալ։
Բասկետբոլի հայաստանյան առաջնության հաղթող «Արագած» ակումբի նախագահ Դեյվիդ Ջոնթոյանն ասաց, որ դժվար խաղեր են ունեցել, բայց ամեն աշխատանք տանում էին չեմպիոն դառնալու համար։
«Սկզբից մինչև վերջ մեծ աշխատանք ենք տարել հաղթանակի հասնելու համար»,- նշեց նա։
Ա. Պողոսյանն ասաց, որ հայազգի բասկետբոլիստները շատ չեն։
«Հայազգի որակով բասկեբոլիստներն ավելի թանկ արժեն, քան սևամորթները։ Իմ առաջարկությունը երևի հետևյալը կլինի՝ մյուս տարվա առաջանությունում դաշտում միշտ լինեն հայազգի երկու բասկետբոլիստներ, բայց պետք է հասկանամ՝ թիմերը դա կընդունեն, թե չէ »։