ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ապրիլի 1-ից կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը։
«Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը»,-ասվում է Արթուր Գևորգյանի տարածած հաղորդագրության մեջ:
Նա նշում է, որ Բռնցքամարտի ֆեդերացիան, որպես օլիմպիական մարզաձև, ֆինանսավորվել է պետական բյուջեից: Հավելում է նաև, որ դիմելու են ՀՀ վարչապետին` ակնկալելով ինստիտուցիոնալ տեսքի բերել նախարարությանը:
«ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պահանջել է տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։ Հանրությանը մշտապես տեղեկացնելու ենք իրավասու մարմինների բոլոր ապօրինությունների մասին»,- եզրափակվում է հաղորդագրությունը։