«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը»
Ապրիլի 18-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, համերգին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի անդամները:
Համերգների ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Հայաստանի Հանրապետության տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է, որը միտված է բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:
Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2019 թթ. մասնակցել են ավելի քան 180 տարբեր միջոցառումների` մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերը արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: