«Փաստ». Բազմաթիվ մարդիկ կարող են գործազուրկ մնալ
«Փաստ» թերթը գրում է. «Տեղական արտադրանքի խթանումը տնտեսական աշխուժության կարևոր գրավականներից մեկն է: Այդ մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանք երբեմն չեն արատացոլվում իրականության մեջ: Մի պարզ օրինակ. նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը պաշտպանող նախագիծ:
Առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ, սակայն վերջին պահին առաջարկվել է հանել տուրքը ցեմենտի հումքի՝ կլինկերի վրայից, ինչի հետևանքով տեղական արտադրողները հայտնվելու են անհավասար և ոչ բարեխիղճ մրցակցային պայմաններում: Եվ երեկ արդեն «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, քանզի օրենքն այս տեսքով ընդունվելու դեպքում գործարանը կանգնելու է մեծ թվով աշխատակիցներ կրճատելու խնդրի առջև:
Ստացվում է՝ ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ ենք հանում: Սա նշանակում է, որ այս ամենից տուժելու են աշխատող սովորական քաղաքացիները, ովքեր այս պարագայում դառնալու են գործազուրկ, քանի որ նրանց աշխատանքի կարիքը այլևս չի զգացվելու, իսկ չի զգացվելու, որովհետև զրոյից ցեմենտի հումք տեղում արտադրելը գործարանի համար դառնալու է ոչ ձեռնտու: Որպեսզի հետևանքներն առավել պարզ լինեն, նշենք, որ միայն «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն աշխատանքով է ապահովում շուրջ 1300 քաղաքացու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: