Ամստերդամում տեղի է ունեցել «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը
Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում, տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli):
ԱԳՆ-ից հայտնում են, որ արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձհատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի է ունեցել նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։
Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանը ներկայացրել է Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպրվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։
Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրել է Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվել է Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks)՝ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող Բեխիյնհոֆկապել եկեղեցում հյուրընկալել Նարեկացուն նվիրված միջոցառումը։
«Մատյան ողբերգության» հոլանդերենի թարգմանության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (Theo van Lint) իր խոսքում ներկայացրել է այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանոթանալիս և ոգեշնչումը՝ այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին։
Այնուհետև տեղի են ունեցել Նարեկացու աղոթքների ընթերցումները Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդների՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկս (հոլանդերեն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս՝ Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin) (անգլերեն), Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Յելիսեյը (Архиеписком Елисей) (ռուսերեն), Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս՝ Անբա Արսենին ( Bishop Anba Arseny, արաբերեն), Հայ Առաքելական եկեղեցու քահանա՝ Տեր Տարոն Թադևոսյանը (հայերեն):
Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես են եկել Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։