Հակոբ Սերոբյան. Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ սպասում էի, որ գոնե մեկ մեդալ պետք է նվաճենք
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել էր մեկ բրոնզե մեդալ: Օղակների վարժությունում երրորդ տեղն էր գրավել Վահագն Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես եկավ 6 մարմնամարզիկներով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Վիգեն Խաչատրյան եւ Արթուր Ավետիսյան:
«Ընդհանուր առմամբ, արդյունքից գոհ եմ, բայց մենք ունեինք ավելի շատ հնարավորություններ: Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ սպասում էի, որ գոնե մեկ մեդալ պետք է նվաճենք: Մեդալակիր կարող էին դառնալ նաեւ Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը: Հարություն Մերդինյանը հանձնվեց, ինչն անհասկանալի էր ինձ համար, իսկ Արթուր Դավթյանը պայքարեց մինչեւ վերջ: Վստահ էի, որ եթե Հարություն Մերդինյանը դուրս գա եզրափակիչ, կկատարի լավագույնը, քանի որ նա պայքարող մարզիկ է:
Մեր թռիչքը հետաձգվեց մեկ օրով, իսկ մրցումներին մեկ օր ուշացումով մեկնելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ես մեկ օր շուտ էի ժամանել մրցավայր, քանի որ առաջնության մրցավարների թվում էի: Թռիչքի հետաձգվելու պատճառով մեր մարզիկները բաց թողեցին գլխավոր փորձը: Մի քիչ վատ էր կազմակերպված մարզիկներին դիմավորելն եւ հյուրանոցում տեղավորելը: Մեր տղաները 2 գիշեր չէին քնել, սակայն ես նրանց ասացի, որ դա մեծ խնդիր չէ եւ նրանք պատրաստ են: Բոլորը սպասում էին ավելի վատ մասնակցություն, բայց մենք ունեցանք եզրափակիչի 2 մասնակից օղակների վարժությունում ու բազմամարտում:
Ուրախ եմ Վահագն Դավթյանի մեդալի կապակցությամբ: Նա հանդես եկավ իր հնարավորությունների ամենաբարձր մակարդակով: Վահագն Դավթյանից մեդալի ակնկալիքները շատ չէին, քանի որ նա ուներ ուսի վնասվածք: Սակայն մրցման ժամանակ նա մոռացավ ամեն բան եւ հաջող հանդես եկավ: Եթե Արթուր Թովմասյանը չսխալվեր, նա կարող էր գրավել առաջին տեղը: Նա նույնն արել էր նաեւ աշխարհի առաջնությունում:
Հուսով եմ, որ Եվրոպական խաղերից առաջ Օլիմպիական կոմիտեն մեզ համար հավաք կկազմակերպի Թբիլիսիում: Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանն անվանական ուղեգրեր են նվաճել Եվրոպական խաղերի համար: Չի բացառվում, որ ունենանք նաեւ երրորդ ուղեգիրը: Եթե Ռուսաստանի թիմը հրաժարվի օղակների վարժության ուղեգրից, այն կարող է բաժին հասնել Արթուր Թովմասյանին: Մրցավարության մասին կասեմ, որ ամեն բան լավ էր: Մեր մարզիկները ստացան իրենց կատարած գնահատականները: Մրցավարները նորմալ են գնահատել: Եթե նրանք ցանկանային, նույնիսկ կարող էին առանց մեդալի թողնել Վագագն Դավթյանին»,- նշեց Հակոբ Սերոբյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը նշեց, որ գոհ է իր ցուցադրած արդյունքից.
«Ելույթս կգնահատեմ լավ, քանի որ վերջնական արդյունքում ունեցանք մրցանակային տեղ: Իմ վարժությունում թերություններ կային, սակայն առանց դրա մարմնամարզությունում հնարավոր չէ: Շատ ուրախ եմ, որ ստացվեց նվաճել մեդալ եւ ուղեգիր: Դա միայն իմ հաջողությունը չէ, այլ ամբողջ թիմինը՝ իմ ընկերներինը, մարզիչներինը ու մեր ամբողջ երկրինը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին ինձ: Այդ ամենն արվել է թիմային մեծ աշխատանքի շնորհիվ: Նպատակ ունեմ շատ հաջող ելույթ ունենալ Եվրոպական խաղերում, իսկ արդյունքը կախված կլինի իմ լավ մասնակցությունից: Լավ եմ տրամադրված, կպատրաստվեմ ու կտեսնենք, թե ինչ կլինի»,- նշեց Վահագն Դավթյանը: