«Քաղաքական ազատականացում չի ենթադրում ժողովրդավարական համախմբում»
«2018 թվականի քաղաքական փոխակերպումներից հետո տեսանք, որ տեղի ունեցավ քաղաքական ազատականացում, բայց դա չի ենթադրում ժողովրդավարական համախմբում, քանի որ փոփոխությունները չեն ընդգրկել հասարակության բոլոր ծալքերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության անդամ Սուրեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ ազատականացումը կարևոր նախապայման է ժողովրդավարացման համար, սական դա չի ենթադրում, որ եթե կա ազատականացում, անպայման պետք է լինի ժողովրդավարացում։
«Ժողովրդավարության կայացման համար կարևոր դեր է կատարում քաղաքական մասնակցության բարձրացումը։ Նախաձեռնությունը միտված է քաղաքական նախաձեռնության բարձրացմանն ու ինստիտուցիոնալացմանը»,- նշեց Ս. Պետրոսյանը՝ ներկայացնելով իրենց նախաձեռնության ստեղծման հիմնական նպատակը։
Նրա խոսքով, ցանկացած պետություն, հասարակություն, որը գնում է ժողովրդավարացման ճանապարհով, իր կարևորագույն նպատակը, վերջին հանգրվանը համարում է ժողովրդավարական համախմբումը։
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության անդամ Կամո Ասատրյանը պատասխանելով հարցին, թե ինչի՞ քաղաքական նախաձեռնություն, ոչ թե քաղաքացիական, ասաց. «Ստեղծելով նախաձեռնություն՝ հավակնում ենք մասնակցություն ունենալ հանրային կառավարման գործընթացներում: Ստեղծել ենք քաղաքական նախաձեռնություն՝ օգտագործելու և քաղաքական, և իրավական, և մյուս ինստիտուտները, որոնք հնարավորինս արդյունավետ կդարձնեն նպատակների իրագործումը։
Քաղաքական նախաձեռնություն լինելով՝ առաջին հերթին դու ցույց ես տալիս, որ հավակնում ես մասնակցել գործընթացներին։ Դա ամենևին չի նշանակում, որ նպատակը որևէ կուսակցական գործունեության մեջ կայանալն է։ Իհարկե, որևէ կերպ դա չի բացառում։ Բայց մենք ուզում ենք ընդգծել, որ քաղաքական նախաձեռնությունը հնարավորություն է օգտագործելու ավելի շատ գործիքներ՝ մասնակցություն բերելու հանրային կառավարմանը»։
Նախաձեռնության անդամ կարող են դառնալ բոլոր նրանք, որոնք չունեն կուսակցական պատկանելիություն։ Այժմ նախաձեռնությունն ունի մեկ տասնյակից ավելի անդամ։