Տեր Եսայի քահանա. Կեղծ օրակարգ ու չարամտություն
Վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում են արտահայտություններ, որոնք, իբր, արված են հայ հոգևորականների կողմից։ Մասնավորապես՝ ով է հայ, ով հայ չէ, ով է մարդ, ով մարդ չէ։ Panorama.am-ի հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը նման խոսակցությունների, նման աղմուկի ամենահիմնական պատճառը համարում է չարամտությունը, եկեղեցու հանգամանքը, առաքելությունը հայ ժողովրդի կյանքում ստվերելը։
«Գիտեմ մարդկանց, ովքեր չարախանդում են, խեղաթյուրում են իրականությունը, հոգևորականների ասածը, աղմուկ են բարձացում, որ գիտես՝ այս ինչ հոգևորականը, եկեղեցին ասում է՝ դու հայ չես, եթե մկրտված չես, շատ լավ իմանալով եկեղեցու դիրքորոշումը, որ այդպես չէ։ Դիտավորյալ տարածում են սուտ ինֆորմացիա, փորձում են մեր հասարակության մեջ ստվերել եկեղեցու առաքելությունը, հեղինակությունը։ Մարդիկ կան իրենց մասնագետ են հռչակում, բայց իրականում որևէ կապ չունեն հայ ժողովրդի, հայ պատմության հետ ու իրենց «հեղինակավոր» կարծիք արտահայտելու իրավունք են վերապահում։ Դա ընդամենը տգիտության դրսևորում է»,- ասաց տեր Եսային։
Մարդ լինելու-չլինելու հետ կապված մեջբերումները քահանան ամենավերջին անհեթեություն որակեց։
«Նման բան գոյություն չունի։ Եթե մարդը թմրամոլ է, անառակ է, շնացող է, ինչ-որ է, եթե ինքը մարդ է, ամենամեծ միամտություն է դնել այս հարցն ու ասել՝ եկեղեցին նման մարդկանց մարդ չի համարում։ Եթե մարդ չհամարենք, չենք կարող այդ մարդկանց հետ աշխատել։ Չէ՞ որ եկեղեցու առաքելությունը հենց այդ ճանապարհին գտնվող մարդկանց դարձի բերելն է։ Եթե այդ մարդկանց մարդ չենք համարում, ինչպես պետք է այդ մարդկանց եկեղեցի, ճիշտ ճանապարհի վերադարձնենք։ Իրականում այնքան կեղծ օրակարգ է, այնքան կեղծ ձևակերպում է»,- ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրա խոսքով, վերջին շրջանում շատ է շրջանառվում հայ լինել-չլինելու հարցը հիմնականում այն տեսանկյունից, որ եթե մարդը հայ եկեղուցում մկրտված չէ, հա՞յ է, թե՞ ոչ։
«Առհասարակ համացանցում այս թեման շահարկվեց՝ նկատի ունենալով մի քանի հոգևորականի հայտարարություններ, որոնք իբր թե ասել էին, որ եթե մարդ մկրտված չէ, ուրեմն հայ չէ։ Ավելի շատ թյուրըմբռնում է, կամ հոգևորականի խոսքը կիսատ, կոնտեքստից դուրս վերցված մեկնաբանություններ են, որ իբր թե եկեղեցին ասում է՝ եթե մկտրված չես, դու հայ չես։ Իրականությանը բացարաձակապես չի համապատասխանում, որովհետև եկեղեցին երբեք որևէ կերպ նման մեկնաբանում, բացատրություն չի տվել: Եկեղեցին երբեք չի վիճարկել որևէ ազգությամբ հայ անհատի հայ լինելու հանգամանքը, երբևէ կասկածի տակ չի դրել։ Հարցն ուրիշ է՝ հայի մշակույթը կրող լինելը, հայի ինքնագիտակցությունը կրող լինելը։ Էթնիկ հայ լինելու հանգամանքը երբեք չի վիճարկվել։ Անհեթեթություն է, բերել հոգևորականի այս կամ այն խոսքը կոնտեքստից կտրված և տալ կամայական կամ յուրահատուկ մեկնաբանություն»։
Նրա խոսքով, եկեղեցու, հոգևորականի դիրքորոշումը հստակ է. եթե մարդը մկրտված չէ, երբևէ դա չի նշանակում, որ հայ չէ։
«Էթնիկ հայ լինելու հանգամանքը չի վիճարկվում, բայց հայկական մշակույթի կրող լինելը, հայի ինքնագիտակցությունը, հայի ինքնության գիտակցումը... Մենք ասում ենք, որ այս ամենը բացահայտվում է մկրտությամբ, քրիստոնեությամբ, Հայ առաքելական եկեղեցու պատկանելիությամբ այն պարզ պատճառով, որ այդ ամեն ինչի կրողը հայ եկեղեցին է եղել, դրա համար էլ հայ եկեղեցին կոչվում է ազգային եկեղեցի։
Շատ հստակ օրինակներ ունենք. երբ որ մարդիկ դավանափոխ են լինում, նույն հայերը օտար երկրներում դառնում են կաթոլիկ, բողոքական կամ այլ կրոնի ներկայացուցիչ, ժամանակի ընթացքում ձուլվում են այդ ժողովրդի հետ, կորցնում իրենց հայեցիությունը։ Գուցե իրենք գեներով հայ են, բայց հայի մշակույթը, լեզուն կրողը չեն, իսկ այսօր լեզուն, մշակույթը, հոգևոր արժեքները, ազգային ավանդույթները, այդ ամեն ինչը կրում է եկեղեցին ու փոխանցում ժողովրդին»,- ասաց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միշտ պետք է գնահատել մեր զինվորին, մեր արածը փոքր ինչ բարոյական աջակցություն է. Տեր Արամ քահանա Միրզոյան
- Եթե ընտանիքում տղամարդը սիրում է իր կնոջը, նա իր անձն է սիրում. տեր Շահե քահանա Հայրապետյան
- Հայաստանում ԼԳԲՏ-ի քարոզը պետք է արգելվի. Տեր Կյուրեղ
- Միասեռականության օրինականացմանը հետևելու է ինցեստի օրինականացումը. Տեր Թովմա քահանա Անդրեասյան
- Տ. Մինաս ավագ քահանա Մարտիրոսյան. Թույլ ճշմարտությունն առավել արժեքավոր է, քան պարարտ սուտը
- Եկեղեցին մերժում է մեղքը, ընդունում մեղավորին. քահանան՝ փոքրամասնությունների մասին
- Տեր Ասողիկ. Սրբազան Հայաստանում դատապարտելի է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ սրբավայրերի նվաստացումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին